22/04/2022 13:59
Ցանկանում էի Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները դա անհնար են դարձրել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկանում էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն խաղաղ բանակցությունները 2019 թվականին կանգ են առել Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններից և գործողություններից հետո։
«Ես շատ էի ուզում հարցը լուծել խաղաղ ճանապարհով, ոչ թե ռազմական ճանապարհով… 2019 թվականից Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները դադարեցվել են՝ այդ երկրում իշխանափոխությունից հետո։ 2019 թվականից Հայաստանի նոր իշխանությունները սկսեցին անհեթեթ հայտարարություններ անել, ինչը փաստացի հանգեցրեց բանակցությունների ավարտին, օրինակ՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Նման հայտարարությունից հետո որևէ բանակցությունների մասին խոսելն ավելորդ էր։
Բայց Հայաստանի ղեկավարությունն ավելի հեռուն գնաց, սկսեց մեզ սպառնալ նոր պատերազմով նոր տարածքների համար, նրանք մեզ սպառնացին նոր օկուպացիայով…», - Շուշիում համաշխարհային ադրբեջանցիների համագումարում ասել է Ալիևը։
«Մենք կռվել ենք ոչ միայն Հայաստանի, միջազգային հայերի դեմ, մենք կռվել ենք Հայաստանի հովանավորների դեմ և հաղթել ենք այս պատերազմում», - ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: