23/04/2022 15:10
«Մարդկանց օգնելը մնացել է մեր համար կարևոր առաքելություն. մեր ընկեր Արամը միշտ է այդպիսին եղել». Արսեն Բաբայանն իշխանությանը խորհուրդ է տալիս զուր չտանջվել
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով համացանցում տարածված տեսանյութին:
«Հաճախ եմ Արամին խորհուրդ տալիս չտրվել խղճին: Ցանկացած միջոցառման ժամանակ էլ բոլորիս մոտենում են մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեն (մուրացկան բառը չեմ սիրում): Հաճախ բոլորդ էլ նկատել եք նաև, որ փող ուզողները հայտնի մարդկանց մոտենում են խմբերով և դժվարությամբ է հնարավոր լինում դա կանխել:
Արամը մի մեթոդ ունի, որը միայն իրեն է վնասում, նա այդ մարդկանց սկսում է օգնել:
Այսօր մի տեսանյութ է հայտնվել համացանցում, որում անցյալ տարի Դեմիրճյան փողոցում վերը նկարագրածս դրվագ է տեսանկարահանված: Տեսանյութը բավականաչափ հին է և Ազատության հրապարակից բավականին հեռու:
Իշխանությանն ու նրանց հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը եղել և մնացել է մեր համար կարևոր առաքելություն: Ցավում եմ այն տրամաբանություն ունեցողների համար, որոնց թվում է, թե հինգ կամ տասը հոգին, որոնց Արամն օգնել է, մեծ դերակատարում կարող են ունենալ հազարավոր մարդկանց մեջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը: