23/04/2022 17:35
Լողավազաններ հաճախելու սեզոնը մոտենում է. ի՞նչ խորհուրդների հետևել՝ տարաբնույթ հիվանդություններով չվարակվելու համար
Մոտենում է լողավազաններ հաճախելու սեզոնը։ Իրենց առողջության մասին հոգ տանող մարդիկ բազմապատկում են զգոնությունը և փորձում առավել զգուշավոր լինել՝ լողավազաններում և հարակից տարածքներում սնկային կամ այլ բնույթի հիվանդություններով չվարակվելու համար։
Եվ այսպես, ի՞նչ կանոնների պետք է հետևել՝ ջրային հաճելի պրոցեդուրաներից հետո հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Aysor.am-ի թղթակիցը թեմայի շուրջ մի քանի խորհուրդ է խնդրել մաշկաբան-վեներոլոգ Մարիամ Ալեքսանյանից։
«Առաջին հերթին պետք է զգուշանալ ոտնաթաթի, եղունգների և մաշկի սնկային հիվանդություններից։ Սակայն պետք է հիշել, որ սնկերի կոնցենտրանցիան ջրում այդքան էլ մեծ չէ, քանի որ բոլոր նորմալ լողավազանները քլորով ախտահանվում են, ջրի մաքրման շատ արդյունավետ ֆիլտրեր են գործում։ Իսկ ահա լողավազանի շուրջ, որտեղ մարդիկ հաճախ ոտաբոբիկ են քայլում, շատ հեշտ է սնկային հիվանդություններով վարակվել։ Դրա համար միշտ անհրաժեշտ է հողաթափեր կրել»,- նշեց մասնագետը։
Մարիամ Ալեքսանյանը հիշեցրեց, որ մաշկի չորությունից, էկզեմաներից, դերմատիտներից և գլխամաշկի թեփից խուսափելու համար լողավազանում լողալուց հետո պարտադիր պետք է ցնցուղ ընդունել՝ օճառով կամ լոգանքի գելով, այնուհետև մաշկը խոնավացնող միջոցներ օգտագործել։
«Եթե, այնուամենայնիվ, մաշկային ինչ-ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, պետք է անհապաղ դիմել մաշկաբան-վեներոլոգի։ Ընդ որում, քոր առհասարակ կարող է չլինել, պարզապես պետք է ուշադրություն դարձնել մաշկի և եղունգների արտաքին փոփոխություններին՝ թեփոտում, չորություն և այլն։ Շատ հաճախ մարդիկ ոտնաթաթի չորությունը շփոթում են սովորական չորության հետ, մինչդեռ այդ վիճակ խոսում է սնկերի առկայության մասին»,- ասաց բժիշկը։
Մաշկաբան-վեներոլոգը միաժամանակ ընդգծեց, որ պատշաճ ախտահանվող լողավազաններում վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությունը թեև զրոյական չէ, բայց շատ փոքր է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։