23/04/2022 17:23
Վարիկոզ. ինչպե՞ս կանխել երակների լայնացումը. Խորհուրդ է տալիս մասնագետը
Վարիկոզ հիվանդությունն իրենից ներկայացնում է ստորին վերջույթների ենթամաշկային երակների լայնացում: Վարիկոզի առկայությունը, աստիճանը, ինչպես նաև թրոմբի առկայությունը պարզելու համար կատարվում է դուպլեքս հետազոտություն: Հիվանդության զարգացման ընթացքում կարող են ի հայտ գալ այտուց, ցավ, մաշկի գույնի փոփոխություններ, հոգնածություն:
Բարձր ջերմաստիճանը նպաստում է երակների լայնացմանը, նրանց տոնուսի նվազմանը, արյան շրջանարության դանդաղեցմանը: Այդ իսկ պատճառով, վարիկոզ հիվանդության սրացումը առավել բնորոշ է ամռան ամիսներին։
Ի՞նչ անել, որպեսզի տաք եղանակին վարիկոզը չսրվի և չխորանա. խորհուրդ է տալիս բժիշկ-ճառագայթաբան Ադրինա Թորգոմյանը՝
Ցանկալի է հաճախ օգտվել ջրային պրոցեդուրաներից, հաճախել լողի, կոնտրաստային ցնցուղ ընդունել. այս միջոցները լավացնում են արյան շրջանառությունը:
Խուսափել բարձրակրունկ կոշիկներից (ցանկալի է կրել կրունկի միջին չափս ունեցող կոշիկներ` մինչև 4 սմ):
Շատ ջուր խմել՝ 1.5-2.0լ. եթե օրգանիզմը չի ստանում բավարար հեղուկ, ջրազրկվում է, որի արդյունքում արյան մածուցիկությունը բարձրանում է, շրջանառությունը դանդաղում և մեծ ծանրաբերնվածություն է ընկնում երակների վրա:
Քայլել առավոտյան և երեկոյան. ֆիզիկական ակտիվությունը լավացնում է արյան շրջանառությունը:
Օգտագործել արևապաշտպան քսուկներ:
Կարգավորել սննդակարգը. խուսափել ապխտած, յուղոտ, աղի, կծու մթերքներից, ալկոհոլից։ Օգտագործել ավելի շատ միրգ և բանջարեղեն:
Հետևել քաշին, քանի որ քաշի ավելացումը հանգեցնում է վարիկոզի զարգացման:
Խուսափել ցերեկային արևից:
Օգտագործել կոմպրեսիոն տրիկոտաժ, որը օգնում է արյան շրջանարությանը: Կոմպրեսիոն տրիկոտաժի տեսակը անպայման պետք է նշանակվի բժշկի կողմից:
Հետևելով բժշկի խորհուրդներին և ցուցումներին, մշտապես լինելով նրա հսկողության տակ, առավել հեշտությամբ կկարողանաք ձերբազատվել անհանգստացնող խնդիրներից ու ցավերից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։