23/04/2022 15:00
Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու» Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է. Արման Թաթոյան
Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու» կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Ազգային ժողովում ապրիլի 14-ին կառավարության ղեկավարը հայտարարեց այլ տարբերակով գնալու դեպքում Ղարաբաղը հանձնելու մասին՝ նշելով. «Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»:
Ակնհայտ է, որ դա արվեց մարդկանց դժգոհությունները մեղմելու և Փառուխ ադրբեջանական ներխուժումն արդարացնելու համար:
Իրականում, Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է` ինչ գործոն էլ դրանում ընդգրկված լինի»,-նշել է Թաթոյանը:
Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ կառավարության ղեկավարի այդ ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր` «Զորքերը հայելային հետ քաշելու» իր մոտեցման աղետալի հետևանքը քողարկելու և ապագայում նման հնարավոր զարգացումների դեպքերում մարդկանց դժգոհությունները կանխելու նպատակով:
«Այսինքն՝ այս հարցում ևս քաղաքական շահերը, պաշտոնի պահպանումը գերակայում են Հայաստանի ու Արցախի անվտանգության նկատմամբ»,-ընդգծել է Թաթոյանը: