23/04/2022 19:59
2018 թվականին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե, 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2018-ին իր հրաժարականի տեքստում Հայաստանին խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն մաղթելու խոսքերն այսօր էլ ուժի մեջ են:
«Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018 թվականի հղածս մաղթանքն այսօր էլ արդիական է, այսօր էլ ավելի արդիական է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանն ասաց, թե կցանկանար, որ այսօր էլ հայ ժողովուրդը ցնծար հրապարակում, ինչպես ցնծում էր 2018 թվականի ապրիլի 23-ին՝ իր հրաժարականի օրը:
«Կուզեի ցնծար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց , ցավոք, սրտի 2018 թվականին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է, ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդած բանակի համար»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, թե ավելի շատ ցավ հիմա է ապրում, քան ապրել է 2018 թվականի այս օրը:
ՀՀ երրորդ նախագահը չի փոշմանել, որ 2018 թվականին ուժ չի կիրառել, բայց եթե կարողանար կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե, 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեր:
«Բայց, իրոք, չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել, ուղղակի կցանկանայի, որ այսօր էլ 2018 թվականի պահանջատեր ժողովուրդը նույն պահանջատիրությամբ հանդես գար, ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը վեր է ածվել հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները , ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են ու ցանկացած պարագայում կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետասկանության կողքին»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: