23/04/2022 18:16
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և հանձնառությունը՝ 30 տարվա ընթացքում նրանց կառուցած ժողովրդավարական պետության ճանաչման անհրաժեշտությանը
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է․
«Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում նրանց կառուցած ժողովրդավարական պետության ճանաչման անհրաժեշտությանը։
Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը։
Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով վարվում է հայատյաց ռասիստական քաղաքականություն։
Բարեկամության շրջանակը կարծում է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործած ագրեսիայից, և այնտեղ Բաքվի ռեժիմի գործած հանցագործություններից հետո Մինսկի խմբի համանխագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը»: