23/04/2022 20:31
Թույլ չենք տալու, որ այս իշխանությունը իր կործանարար քայլերով քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, մեր պետականությունը, Արցախը, հայոց հիշողությունը. Իշխան Սաղաթելյան
Այսօր մենք այստեղ ենք՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, նոր ցեղասպանությունները կանխելու համար, Հանրապետության հրապարակից ջահերի երթի մեկնարկին հայտարարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ջահերի երթն այսօր վերածվել է համազգային միասնականության երթի, այն վերամիավորել, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել հատկապես այս օրերին, երբ կանգնած ենք գոյութենական պայքարի առջև»,- շեշտեց քաղաքական գործիչը։
«Հիշում եմ և պահանջում» կարգախոսը վերջին տարիներին ակնհայտ ձևախեղելու փորձը, ժողովրդի պայքարը սահմանափակելը, ինչպես նշեց Իշխան Սաղաթելյանը, վկայում են այն մասին, որ գործող իշխանությունը, ենթարկվելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջին, ցանկանում է հրաժարվել համահայկական պայքարից։
«Այս իշխանությունը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական հանձնառությունից, ցանկանում է հրաժարվել Արցախից, հայրենիքի դարպասները ցանկանում է բացել թշնամու առջև։
Փուչ ու դատարկ են սրանց հավաստիացումները՝ լավ ապագայի, տնտեսական շահի, «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ։ Թշնամին նույնն է՝ նույն նպատակով։ Նույն թշնամին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը 2020 թվականին Արցախում իրականացրեց ցեղասպանություն։ Հիմա մեր երթով, այս միասնականությամբ փաստում ենք, որ չեն հաջողելո։ Թույլ չենք տալու, որ այս իշխանությունը իր կործանարար քայլերով քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, մեր պետականությունը, Արցախը, հայոց հիշողությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը հայության անունից դիմեց միջազգային հանրությանը՝ ասելով․
«Սա է հայկական կամքը, սա է հայ ժողովրդի դիրքորոշումը, ոչ թե փակ դռների հետևում, տարբեր մայրաքաղաքներում զիջումների պատրաստ, իշխանության ղեկին հայտնված խղճուկի խոստումները։ Այսօր, այս հրապարակից հայ ժողովուրդն իր վճռական կամքն է արտահայտում ի լուր ամբողջ աշխարհի, ի լուր թշնամիների, որ այս շենքում (ՀՀ կառավարության շենքում-խմբ․) նստած խղճուկը չունի մանդատ՝ ժողովրդի անունից մեր հայրենիքի նոր մասեր փայաբաժին հանելու»։
Հանրապետության հրապարակում հավաքված հոծ բազմությունը ծափահարություններով ողջունեց և «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով ուղեկցեց ելույթը։