23/04/2022 09:46
«Հրապարակ». Սամվել Բալասանյանը պատրաստվում է քաղաքի կառավարումը կրկին ձեռքը վերցնել ու վերականգնել իր ազդեցությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետ, «Բալասանյան դաշինք»-ի հիմնադիր Սամվել Բալասանյանը, որը տևական ժամանակ է՝ բուժման նպատակով ԱՄՆ-ում էր, վերադարձել է Հայաստան և պատրաստվում է քաղաքի կառավարումը կրկին ձեռքը վերցնել ու վերականգնել իր ազդեցությունը հանրապետության երկրորդ քաղաքում։
Մեր տեղեկություններով, «Բալասանյան դաշինք»-ով քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանի աշխատանքից Սամվել Բալասանյանն այնքան էլ գոհ չէ։ Նա վերադառնալուն պես դիտողություններ է արել Սամսոնյանին, անգամ, ասում են՝ վիճել է, թե ՔՊ-ական քաղաքապետ ես դարձել, կորցրել ես ինքնուրույնությունդ։ Քաղաքապետ Սամսոնյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Բալասանյանի վերադարձի լուրը ճշտեցինք «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Լուսինե Սանոյանից։
«Վերադառնալը, այո, վերադարձել է, բայց կրկին քաղաքականություն մտնելու մտադրության հետ կապված որևէ խոսակցություն չկա»,- ասաց նա։ Ի դեպ, նշենք, որ այսօր մամուլում լուր կար նաև, որ Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, առաջիկայում նշանակելու են Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում