24/04/2022 12:43
Զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք․ որևէ ուժ ի զորու չէ ջնջել ազգի այս տեսակը՝ հայը, Հայաստանը պատմության էջերից․ Սեյրան Օհանյան
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում հայ ժողովուրդը, ի լուր աշխարհի, ևս մեկ անգամ վերահաստատեց պայքարելու և հավերժ լինելու իր կամքն ու վճռականությունը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ձգվող Ջահերի երթը, Արցախի և Հայաստանի բարձր ծածանվող դրոշների շարքերը, մեր բազմահազար հայրենակիցների արձագանքն ու էներգիան աննկարագրելի ոգևորությամբ էին համակել բոլորիս, և մեզանից յուրաքանչյուրն այն վստահ գիտակցումն ուներ և այսօր էլ ունի, որ ո՛րևէ ուժ ի զորու չէ ջնջել ազգի այս տեսակը՝ հայը, Հայաստանը պատմության էջերից։
Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք, և շարունակելու ենք պայքարել մինչև վերջ՝ հանուն հայ ժողովրդի լինելիության, հանուն Արցախի և Հայաստանի», - գրել է Սեյրան Օհանյանը։