24/04/2022 10:37
Ողջունում և կարևոր ենք համարում ՀՀ վարչապետի ուղերձը. բոլոր կողմերին կոչ ենք անում, որ հանդես գան խաղաղությանն աջակցող նման ուղերձներով. ԱՄՆ դեսպան (Տեսանյութ)
Մենք հանձնառու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և որպես Միացյալ նահանգներ՝ ՀՀ-ի բարեկամ և գործընկեր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման, ինչպես նաև միմյանց հետ շփումների մեջ լինել խաղաղության գործընթացը կերտելու համար», - ասաց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ մարտի 25-ին հայտարարությամբ են հանդես եկել, որով ադրբեջանական զորքերի տեղաշարժի և իրավիճակի ապակայունացման ջանքերին են անդրադարձել։
«Կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալի և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։ Կասկած չկա, որ բանակցությունները դժվար կլինեն։ Սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է ձևավորվել։ Ողջունում ենք վարչապետի՝ անցած շաբաթվա խոսքը և կարևոր ենք համարում նրա այդ ուղերձը և բոլոր կողմերին կոչ ենք անում, որպեսզի հանդես գան խաղաղությանն աջակցող նման ուղերձներով», - ասաց Թրեյսին։