24/04/2022 11:54
Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ)
Ինքս՝ որպես Սասունի և Մուշի այդ իրադարձությունների հետևանքով Արևելյան Հայաստանում հայտնված սասունցիների և մշեցիների ժառանգ, այցելել եմ այն կարգախոսով, որ մենք պետք է հիշենք և սպասենք այն օրվան, երբ ամբողջ աշխարհը կհասկանա՝ ինչ է ցեղասպանությունը և այլևս չեն կրկնվի նման գործողություններ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Լրագրողները պաշտպանության փոխնախարարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է այսօր արվում՝ բանակն ուժեղացնելու համար, երբ օրհասական վիճակում ենք։
«Այդպես տրագեդիկ մի ներկայացրեք, օրհասական վիճակում չենք», - դիտարկմանը չհամաձայնեց Արման Սարգսյանը։
Նա բանակն ուժեղացնելու հիմքում դիտարկեց իշխանության հայտարարած բարեփոխումները։
«Մեր բարեփոխումներն արդեն մեկնարկել են, այն, ինչ արվում է, արվում է ուժեղ բանակ ունենալու համար։ Արդյունքները կտեսնեք այն ժամանակ, երբ որ կուզեք տեսնել։ Երբեմն մարդիկ կամ քաղաքական ուժեր կան, որոնք չեն ուզում տեսնել», - ասաց Արման Սարգսյանը։
Ինչ վերաբերում է բնագծերի կահավորմանը, ապա դա, ինչպես նշեց պաշտպանության փոխնախարարը, երկարատև պրոցես է․ պատերազմի հետևանքով սահմանին փոփոխություններ են եղել։
«Նոր բնագծեր, նոր զբաղեցրած դիրքեր, դրանք ժամանակ պահանջող պրոցեսներ են։ Դուք տարիներ շարունակ տեսել եք, որ բնագծերը կառուցվել են, վերակառուցվել են, արդիականացվել են։ 1,5 տարվա ընթացքում, եթե մենք համեմատական տանենք, ահռելի աշխատանք է տարվել զինվորների թե՛ սոցիալական, թե՛ այդ անվտանգային խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, արդարացի կլինի, եթե ինչ-որ մի տեղ տեսնեն, որ խնդիր կա։ Այդ խնդիրները կարող են լինել», - ասաց նա։