24/04/2022 09:59
Օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում և խնկարկում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը խորհրդանշում է ոչ միայն մեր ժողովրդին բաժին հասած դաժան ճակատագիրը, այլև վերընձյուղվելու, հարատևելու ու զարգանալու միայն իրեն հատուկ աստվածային շնորհը:
Ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդն իր մեջ ուժ է գտել կերտելու իր նվիրյալ որդիների երազած պետականությունը։ Ու չնայած բազմաթիվ ու բազմաբնույթ մարտահրավերներին ու դժվարություններին՝ այսօր նրա դրոշը փողփողում է բազմաթիվ երկրներում գործող դեսպանատների վրա:
Հայության վերածնունդն ու հաղթարշավը 20-րդ դարավերջին երկնել է Արցախի Հանրապետությունը: Արդեն ավելի քան երեք տասնամյակ է, ինչ մեր հերոսական ժողովուրդն իր պետականությունն է կերտում։
Պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքի շարունակությունն էին թերևս Ադրբեջանի սանձազերծած արցախյան 3 պատերազմները:
Խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների անմահ հիշատակի առջև։
Այսօր ժամանակը նոր մարտահրավեր է առաջ քաշել, և մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ, քան երբևէ:
Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ կհաղթահարենք նաև այս մեկը: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ համայն հայության միասնականությամբ միայն կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում:
Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցին նվիրված երթը պետք է ընկալվի որպես երթ վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ:
Աստված մեզ պահապան», - ասված է ուղերձում: