25/04/2022 19:31
Սա պետականությունը փրկելու պայքար է. Հայաստանը հաղթելու է հակահայաստանին. Ռուբեն Մելքոնյան
Հայաստանի Հանրապետությունը բախվել է իր պատմության մեջ ամենածանր իրավիճակին, երբ զրոյացած ինքնիշխանությամբ և ոչ պրոֆեսիոնալների թիմով մենք, որպես պետականություն, գահավիժում ենք։ Հատկապես արևելագետների, թուրքագետների համար տեսանելի է, որ այս ամենի ավարտը կարող է լինել պետականության կորուստը և հասարակական պառակտման խորացումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
«Այս ամենը կանխելու ճանապարհը պետությունը հայաստանակենտրոն մտածողությունց զուրկ անձանցից ազատելն է և ՀՀ ապատգիտացումը, այսինքն՝ տգիտության որդը ՀՀ պետականության հիմքերից հանելը։
Հետևաբար պայքար չէր կարող չլինել, և ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական, կուսակցական և այլ հայացքներից, պետք է սատարեն մեկնարկած պայքարին։ Ինչո՞ւ. որովհետև սա ոչ թե իշխանության հասնելու, այլ պետականությունը փրկելու պայքար է»- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ փողոցային պայքարի այլընտրանք տեսնո՞ւմ էր, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց՝ կամ պետք էր պայքարել՝ հույս ունենալով, որ ՀՀ պետականության անկումը հնարավոր կլինի ինչ-որ ձևով կանգնեցնել, կամ համակերպվել դառն իրականության հետ։
«Ես և շատ այլ քաղաքացիներ ընտրել ենք պայքարելու և հույս ունենալու ճանապարհը, իսկ այդ ճանապարհին պետականության գաղափարը կրողների շնորհիվ կարողանալու ենք հասնել այս անկման կասեցմանը և ՀՀ պետականության փրկությանը։
Այնպես որ, չեմ ուզում վատատես լինել և եղած այլընտրանքների մեջ ուզում եմ ընտրել լավատեսությունն ու հավատալ, որ Հայաստանը հաղթելու է հակահայաստանին»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ քաղաքական, արվեստի, գիտության և այլ ոլորտի մի շարք գործիչներ միացել են Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։ Ռուբեն Մելքոնյանը և մի խումբ անհատներ հանդես են եկել համապատասխան նախաձեռնությամբ՝ դիմելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այդ հայտարարությանը։