25/04/2022 18:32
Ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառեցին ՔՊ կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ․ բերման ենթարկվածներ կան
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Երևանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա անցկացնել պատրաստվող քաղաքացիներին և ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներին ոստիկանները թույլ չէին տալիս անցնել մայթն ու մոտենալ գրասենյակին։
Մինչ ակցիան մեկնարկելն արդեն տարածքում կենտրոնացվել էին մեծաքանակ ոստիկանական ուժեր, ոստիկանության ծառայողները խոչընդոտում էին քաղաքացիների շարժը, թույլ չէին տալիս իրականացնել խաղաղ գործողությունը։
Հրմշտոց, լարված իրավիճակ ստեղծվեց, ոստիկաններն, ուժի կիրառմամբ, բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների, որոնք փորձում էին ճեղքել շղթան ու մոտենալ ՔՊԿ գրասենյակին։
Ոստիկանությունը, որպես իր գործողությունների հիմնավորում, հայտարարեց, որ քաղաքացիական կարգ և անվտանգություն է ապահովում։
Բողոքի ակցիայի վայր ժամանեց նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ճշտելու անհամաչափ ուժ կիրառելու պատճառները։ Ոստիկաններն սկսեցին վիճել պատգամավորի հետ՝ պնդելով, որ հասարակական կարգ են ապահովում, «ով դուրս է գալիս օրենքի շրջանակներից, կարող են նաև ուժ կիրառել»։
Մի խումբ քաղաքացիներ ու բողոքի ակցիայի մասնակիցներ այժմ ուղևորվում են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ճշտելու՝ ինչպես են այնտեղ վերաբերվում ուժով բերման ենթարկվածներին ու ինչպիսին է նրանց առողջական վիճակը։