25/04/2022 17:00
Ինչպես ունենալ կայուն զարգացող հուզական ինտելեկտ. խորհուրդներ հոգեբան Մերի Հարությունյանից
Հուզական, կամ զգացմունքային ինտելեկտը (EQ) սեփական և այլոց հույզերն ընկալելու, վերահսկելու և քննադատաբար գնահատելու կարողությունն է:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ.
«Զգացմունքային ինտելեկտի բարձրացումը կարող է ազդել առօրյայի և աշխատանքի մեջ մարդու հաջողության վրա: Այն թույլ է տալիս ցույց տալ առաջնորդի որակներ, կապ հաստատել տարբեր մարդկանց հետ և օգնել նրանց:
Կայուն զարգացող հուզական ինտելեկտը դրական է ազդում ֆիզիկական առողջության վրա, օգնում է հաղթահարել սթրեսային իրավիճակները և նվազեցնել դրանց ազդեցությունը: Չկառավարվող հույզերը կարող են հանգեցնել հոգեբանական հիվանդությունների դրսևորման։ Ամենից հաճախ զգացմունքների հետ ոչ պատշաճ աշխատանքը հանգեցնում է անհանգստության և դեպրեսիայի, իսկ մշակված EQ-ն օգնում է խուսափել նման հետևանքներից»,- ասաց հոգեբանը։
Ունենալով զարգացած հուզական ինտելեկտ՝ ավելի հեշտ է հասկանալ այլ մարդկանց, ընկալել նրանց հույզերը, արտահայտել համակրանք և հաղորդակցման համար ընտրել ճիշտ բառեր։ EQ-ն մի ամբողջություն է, որը կազմված է մի քանի անհատական հմտություններից: Նրանք փոխկապակցված են, բայց զարգանում են առանձին. կարող են լինել նաև մեկ անձի մոտ՝ տարբեր համամասնություններով: Անձի խնդիրն է վերլուծել յուրաքանչյուր բաղադրիչ և պարբերաբար ենթարկել այն քննադատական գնահատման։
Խոսելով զգացմունքների մեկնաբանման և դրանցով առաջնորդվելու անհրաժեշտության մասին, հոգեբանը հավելեց.
«Զարգացած էմոցիոնալ ինտելեկտի ամենակարևոր մասը այլ մարդկանց զգացմունքները կարդալու և ձեր գործողությունները պլանավորելու ունակությունն է՝ հիմնվելով նրանց զգացմունքների վրա: Զգացմունքների ճիշտ մեկնաբանումը հնարավորություն է տալիս ընտրել ամենահարմար ժամանակը դժվար որոշումներ կայացնելու համար։
Հուզական ինտելեկտը կյանքի տարբեր ասպեկտներում օգտագործելու համար կարևոր է ընդունել առողջ քննադատություն, սովորել գրագետ վարվել սխալների հետ, ճիշտ կառավարել նպատակադրումն ու շարունակել առաջ շարժվել»:
Զրույցի վերջում հոգեբան Մերի Հարությունյանն անդրադարձավ EQ-ի խթանման և զարգացման ռազմավարությունների «երեքի կանոն»-ին՝
Սովորեք լսել. ուշադրություն դարձրեք ոչ միայն խոսքային նշաններին, այլև ժեստերին։ Մարմնի լեզուն կարևոր է մարդու վարքը, նրա մտադրությունները, ցանկություններն ու քայլերը գնահատելու համար։
Մտածեք ձեր սեփական զգացմունքների մասին. այս հմտությունը կօգնի ապրել զգացմունքների հետ ներդաշնակ:
Մի՛ փորձեք ճնշել, այլ սովորեք կառավարել զգացմունքները, հետևեք այն պահերին, երբ զգացմունքները տիրում են և ստիպում են ձեզ որոշումներ կայացնել։
Մասնագետի կողմից առաջարկված այս պարզ կանոններին հետևելու դեպքում հեշտությամբ կարելի է կառավարել սեփական վարքն ու ,ինչու ոչ, նաև դիմացինի արարքները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։