25/04/2022 18:10
Ինչպե՞ս տարբերել ուղեղի ցնցումն ու ցուցաբերե՞լ առաջին օգնություն՝ կօգնի հասկանալ թերապևտը
Ուղեղի ցնցումն ուղեղի վնասվածքի ձև է և առաջացման հաճախականությամբ առաջին տեղն է զբաղեցնում գանգուղեղային տրավմատիզմի կառուցվածքում։ Գլխին նկատելի հարվածից հետո անհրաժեշտ է դիմել բժշկի, ռենտգեն անել, բացառել գանգի ճաքերի առկայությունը, արյունազեղումները և դիմել նյարդաբանի։
Ուղեղի ցնցման տեսակների, բուժման մեթոդների և ժամանակահատվածի մասին Aysor.am-ը զրուցել է թերապևտ Լիլիթ Մինասյանի հետ։
«Գլխի թեթև վնասվածքների դեպքում, որը չի ուղեկցվում գիտակցության կորստով, եթե տուժածի կողքին գտնվող անձը տիրապետում է տարրական կանոններին, կարելի է ցուցաբերել առաջին օգնություն՝ հետևելով ախտանիշներին: Մեծ բարձրությունից ընկնելու, արյունահոսության և գիտակցության կորստի դեպքում անհապաղ պետք է շտապօգնություն կանչել։
Առաջին հերթին պետք է զննել տուժողին, եթե կան վերքեր՝ վիրակապել, մշտապես վերահսկել վիճակը։ Նմանատիպ իրավիճակում կարևոր է պահպանել հանգստություն, տուժածին պառկեցնել հարմարավետ դիրքում և արթուն պահել 30-60 րոպե՝ մինչև բժշկի ժամանումը», - ասաց թերապևտը։
Լիլիթ Մինասյանն իր խոսքում անդրադարձավ նաև ուղեղի ցնցման ախտանշաններին՝ նշելով, որ դրանց բացակայության դեպքում էլ բժշկին դիմելը խիստ պարտադիր է՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Ախտանշաններն են՝
Գունատություն, քրտնարտադրություն, թուլություն
Կենտրոնացման թուլացում, գլխացավ, սրտխառնոց և փսխում
Ռեակցիաների արգելակում, ապակենտրոնացում տարածության և ժամանակի մեջ
Ախորժակի բացակայություն, ջերմաստիճանի բարձրացում
Գիտակցության կարճաժամկետ կորուստ
Ոտքերում անկայունության զգացում, քնի խանգարումներ (ի հայտ են գալիս ավելի ուշ), հոգնածության զգացում
Նկատելի վնասվածքներ (քթից արյունահոսություն, պատռվածքներ)
Առանձնացվում է ուղեղի ցնցման երեք հիմնական տեսակ
Առաջին աստիճանի ուղեղի ցնցում՝ ուղեկցվում է թեթև ուշագնացությամբ, 30 րոպե անց տուժողն իրեն կարող է ավելի լավ զգալ։
Երկրորդ աստիճանի ցնցում՝ ապակողմնորոշումը տևում է ավելի քան 20 րոպե։
Երրորդ աստիճանի ցնցում՝ գիտակցության կորուստ. տուժածը կարող է չհիշել, թե ով է ինքը և ինչ է տեղի ունեցել։
Թերապևտ Լիլիթ Մինասյանը խոսեց բուժման և այն պայմանների մասին, որոնք կարող են հանգեցնել լիակատար ապաքինման։
Ուղեղի ցնցումների բուժումը կարող է տևել է տասը օրից մինչև մեկ ամիս՝ կախված աստիճանից և հիվանդի ինքնազգացողությունից։
Տնային բուժումը հնարավոր է միայն գլխի թեթև վնասվածքի դեպքում՝ բժշկի թույլտվությամբ։ Այդ դեպքում անհրաժեշտ է հարմարավետ մահճակալ՝ հանգիստ և երկար քուն ապահովելու համար։
Վիճակի բարելավման համար բժիշկը խորհուրդ է տալիս լսել երաժշտություն (առանց ականջակալների), օգտագործել հանգստացնող, թեթև բուսական թուրմեր, սահմանափակել աղի ընդունումը։
Չի կարելի՝
Դիտել հեռուստացույց, տեսանյութեր, կամ խաղալ համակարգչով, քանի որ թարթող շրջանակները լարում են ուղեղը և ավելորդ ծանրաբեռնում։ Խորհուրդ չի տրվում ընթերցանությամբ զբաղվել՝ աչքերի և գիտակցության շրջանում լարումից խուսափելու համար։
Սովորաբար 24-48 ժամ հետո ուղեղի ցնցման նշաններն ու ախտանիշները անհետանում են։ Ուղեղի ցնցման արդյունքում վիճակի վատթարացման կրկնությունից խուսափելու համար, թերապևտն անհրաժեշտ է համարում՝ առաջիկա ժամերի ընթացքում անցնել բժշկական հետազոտություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։