25/04/2022 18:53
Բերման է ենթարկվել 10-ից ավելի մարդ, առնվազն 3-ը մարմնական վնասվածքներ են ստացել
Բերման է ենթարկվել 10-ից ավելի մարդ, առնվազն 3-ը՝ մարմնական վնասվածքներով, Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Ինչպես նշեց պատգամավորը, բողոքի ակցիայի մասնակիցների վնասվածքները տարբեր տիպի են՝ պայմանավորված ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմամբ։
«Սպասում ենք շատ բուժօգնությանը, փաստաբաններն արդեն ներսում են»,- տեղեկացրեց նա։
Հարցին՝ ի՞նչ բացատրություն է տալիս ոստիկանությունը, ինչու՞ է բիրտ ուժ կիրառել, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ պատճառն իշխանության վախերն են։
«Կապիտուլյանտի վախերն են, որ մոտենում են իր կապիտուլյանտների որջին։ Դրանից վախենում է, ու ոստիկանները ստիպված են դրան ծառայել»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ քիչ առաջ ոստիկանները խոչընդոտեցին ՔՊԿ կենտրոնական գրասենյակի մոտ քաղաքացիների ու ՀՀԿ երիտթևի բողոքի ակցիան, բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ակցիայի որոշ մասնակիցների։