25/04/2022 16:38
«Պայքարի ելքը կախված է այն բանից, թե ամեն մեկս ինչպես կկարողանանք կատարել մեր պարտականությունները». ԵՊՀ նախկին ռեկտորը դրական է գնահատում նոր փուլ թևակոխած պայքարի գործողությունը
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը դրական է գնահատում Ազատության հրապարակում մեկնարկած և այսօրվանից երկրորդ փուլ թևակոխած պայքարի գործողությունը։
Հասարակությունը, ըստ նրա, չի կարող ամեն ինչի նկատմամբ անտարբեր լինել և ինչ-որ փուլում ոտքի է կանգնում։
«Մեր երկիրն այժմ այնպիսի շրջան է թևափոխել, երբ հասարակությունը խոր ճգնաժամ է ապրում։ Ամենավտանգավորն անտարբերությունն է ուզածդ հարցի նկատմամբ, սակայն հասարակության անտարբերությունը դեռ լիովին չի «կոտրվել», քանի որ, կարծում եմ, այն շատ խորն է մտել մեր ժողովրդի ու նաև երիտասարդության որոշակի շրջանակների մեջ։ Այդ անտարբերությունը բազմաթիվ գործոնների հետևանք է՝ հիասթափության, համարվողականության և այլն»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը, որն, ի թիվս այլ գործիչների, միացել է Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։
ԵՊՀ նախկին ռեկտորի խոսքով՝ հայ երիտասարդների որոշ մասն այսօր էլ շարունակում է անհաղորդ մնալ երկրում տեղի ունեցող զարգացումներին, ինչը շատ դեպքերում անգրագիտության, կրթվածության պակասի և հեղհեղուկ աշխարհընկալման հետևանք է։
«Իհարկե, խելացի և բանիմաց երիտասարդություն ևս ունենք, որն իր օրինակով կարող է ազդել իր շրջապատի վրա, բայց դա նրա խնդիրը չէ, խնդիրը հասարակությանն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ի՞նչ վերջնարդյունք կարող է ունենալ օրեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկած պայքարի նախաձեռնությունը, Արամ Սիմոնյանը դժվարացավ կոնկրետ պատասխան տալ՝ նշելով, որ ամեն բան կախված է այն բանից, թե իր ամենօրյա գործունեության մեջ ինչպես իրեն կդրսևորի հասարակության յուրաքանչյուր անդամ։
«Հասարակության յուրաքանչյուր անդամ ունի պարտականություն ու պարտավորություն՝ հասարակության, հայրենիքի և ժողովրդի նկատմամբ, և պայքարի ելքը կախված է այն բանից, թե ամեն մեկս ինչպես կկարողանանք կատարել մեր պարտականությունները։ Յուրաքանչյուր մարդ պետք է արժանավայել կերպով դրսևորվի հասարակության մեջ՝ իր աշխատանքի, իր վաստակի ձևով. միայն դա կարող է բերել ցանկալի արդյունքի»,- ասաց Արամ Սիմոնյանը։