25/04/2022 22:13
Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը Բաքվում քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։
Բաքվում կայացած բանակցություններում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը վերաբերող հարցեր։
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության, ադրբեջանական կողմն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը։
«ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն իր հերթին վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու նշված բոլոր հարցերում առաջընթացին»,- նշվում է հաղորդագրությունում։