25/04/2022 10:57
Մենք չենք ասում, թե մեր առաջնորդն այսինչ մարդն է. որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Ազատության հրապարակում անցկացրած օրերին խոսել ենք քաղաքացիների հետ, բացատրել ենք, թե ինչու ենք այստեղ, ինչն է նպատակը։ Կարծում եմ, որ իրազեկման առաջին փուլի գործողությունը հասցրել ենք ավարտին և գրեթե 100 տոկոս արդյունք ունենք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Շարունակում ենք մեր հայտարարած անժամկետ միջոցառումները, կրկին Ազատության հրապարակում ենք, կրկին գիշերելու ենք այստեղ։ Երկրորդ փուլի մեկնարկը, որը տրվեց ապրիլի 25-ին, լինելու է ավելի ակտիվ, լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ», - ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ կարևոր խնդիրն այն է, որ ժողովրդին հանեն դուրս և դարձնեն պահանջատեր։
«Մենք խնդիր ունենք, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն և ասեն, թե մեկ է, բան չի լինելու, մի անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է, փորձեցիք, պատերազմից հետո չստացվեց։ Մենք պետք է մարդկանց ասենք, որ չհիասթափվեն։ Իշխանությունների դեմ պայքարող տարբեր խմբեր կան այսօր։ Կարծում եմ, որ այդ խմբերն ավելանալու են և մենք կարողանալու ենք սկզբում ապակենտրոն ցանցային տարբերակով հանրության հետ աշխատել, բացատրել, որ մենք պետք է միասնական գործենք, որից հետո ինչ-որ մի փուլում պետք է բոլորը համախմբվեն», - ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե գնահատականներ են հնչում, որ ընդդիմադիր լիդերները համատեղ չեն աշխատում, Վանեցյանը պատասխանեց.
«Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի իրականացնում իր անձնական շահերը կամ նեղ կուսակցական շահերն առաջ մղելու համար։ Կան տարբեր կուսակցություններ ու խմբեր, որոնք ունեն իրենց առաջնորդները, և հենց դրա մասին է խոսքը, երբ ասում ենք ապակենտրոն ցանցային պայքար։ Դա նրա մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ այս փուլում և մենք կարողանանք ձևակերպել այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք ասենք, թե մեր առաջնորդն այսինչ մարդն է, խնդիր ենք ունենալու, որովհետև մարդկանց թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով։ Բայց այստեղ ընդհանրապես նման տրամադրություն չկա։ Այստեղ տրամադրությունը մեկն է ունենալ հզոր Հայաստան, Արցախ, արժանապատիվ ապրող ժողովուրդ, բայց այս հիմնական նպատակին հասնելու համար մենք պետք է հասնենք իշխանափոխության։ Որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ։ Չկա նման բան»։