25/04/2022 19:47
Սիրելի՛ երիտասարդ, դու՛ ես այս երկրի տերը, դու՛ ես որոշելու՝ մենք ունենալո՞ւ ենք պետություն, թե՞ ոչ, դո՛ւ ես որոշելու՝ հայի արժանապատվությունը վերականգնվելո՞ւ է, թե՞ ոչ․ Արթուր Վանեցյան
«Մեր պայքարն անկասելի է։ Անպայման կարճ ժամանակ հետո ազատվելու ենք այս իշխանություններից և հասնելու ենք մեր հիմնական նպատակին, իսկ այն մեկն է՝ ունենալ հզոր, մեծ հայրենիք, Արցախ, Հայաստան և այդ հայրենիքում ապրող արժանապատիվ մարդ», -Ազատության հրապարակից մեկնարկող իրազեկման երթից առաջ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Ապրիլի 17-ից Ազատության հրապարակում նոր պայքարի մեկնարկ ազդարարած Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ այս օրերի ընթացքում պայքարողների թիվն ակնհայտորեն մեծացել է, ապրիլի 25-ից մեկնարկած բազմաբնույթ ակցիաներին անընդհատ նոր մարդիկ են միանում, հատկապես երիտասարդները։
Արթուր Վանեցյանը նախապես ազդարարված երթից առաջ ևս մեկ անգամ կոչ ուղդեց հենց երիտասարդությանը․
«Սիրելի՛ երիտասարդ, դու՛ ես այս երկրի տերը, դու՛ ես որոշելու, թե ինչ երկրում մենք պետք է ապրենք, դու՛ ես որոշելու, թե մենք ունենալո՞ւ ենք պետություն, թե՞ ոչ։ Դո՛ւ ես որոշելու՝ հայի արժանապատվությունը վերականգնվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց նա։
Երթը մեկնարկեց։ Մասնակիցները Ազատության հրապարակից այժմ Սայաթ-Նովա փողոցով շարժվում են դեպի Նալբանդյան փողոց, ապա Հանրապետության հրապարակ, այնուհետև Մաշտոցի պողոտայով վերադառնալու են Ազատության հրապարակ։