25/04/2022 20:14
Մայիսի 1-ին լինելու է մեծ հանրահավաք, մինչև վերջ վճռական կամքով և հետևողական գնում ենք առաջ․ Իշխան Սաղաթելյան
Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, մենք մի քանի օր առաջ հայտարարել ենք, որ իջնում ենք փողոցային պայքարի, գնում ենք մինչև վերջ, այս իշխանություններին հանրային լայն ճնշման տակ օր առաջ հեռացնելու, «Դիմադրության շարժման» իրազեկման երթի մեկնարկին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Առավոտից Իջևանից մեր արժանապատիվ հայրենակիցները քայլերթով շարժվեցին դեպի Երևան, վաղը ժամը 11.30-ին Տիգարնաշենից դեպի Երևան կշարժվի մեր հաջորդ խումբը, դրանից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայրերից՝ Սարդարապատից և Բաշ-Ապարանից մեր խմբերը քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Քայլերթի ընթացքում մեր հայրենակիցները լինելու են Հայաստանի տարբեր բնակավայրերում և ներկայացնելու են մեր երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են մեր քաղաքացիներին և ամսի 1-ին հասնելու են Երևան: Այդ ընթացքում մենք միասին ամեն օր Երևանում կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր և ցույցեր»,- ասել է նա:
Իշխան Սաղաթելյանը նշել է նաև, որ նպատակ ունեն առաջիկա 5 օրերի ընթացքում ամբողջ Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել:
«Մայիսի 1-ին մենք, մինչև մեր խմբերի Երևան հասնելը, ունենալու ենք մեծ հանրահավաք, բայց մինչև դա խնդրում եմ բոլորիցդ ձեր ամենօրյա մասնակցությամբ ցույց տաք, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու:
Կոչ եմ անում մեր Սփյուռքի հայրենակիցներին․ եկե՛ք Երևան, Հայաստանի մարզերի մեր բնակիչներին, երիտասարդությանն ու մտավորականությանը՝ ոտքի՛ կանգնեք, մենք շատ ժամանակ չունենք, օր առաջ այս չարիքի կառավարությանը հեռացնելու ենք միասին:
Սիրելի՛ հայրենակիցներ, մինչև վերջ վճռական կամքով և հետևողական գնում ենք առաջ: Մենք որոշում ենք կայացրել առաջիկա պայքարն իրականացնել ցանցային և ապակենտրոն։ Բոլոր քաղաքական ուժերը, իրական ընդդիմադիր ուժերը, անհատներ, յուրաքանչյուրն իր բողոքն այս չարիքի կառավարության դեմ ձևակերպելու է յուրովի, բայց բոլորս ունենք մեկ նպատակ՝ օր առաջ հեռացնել այս չարիքի կառավարությանը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը: