25/04/2022 18:28
Վերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի. Արցախի նախկին ՄԻՊ
Ի տարբերություն նախորդ շարժման՝ պայքարի այս շարժումը կարևոր մի առանձահատկութուն ունի. այն ապակենտրոն է՝ բառիս դրական իմաստով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Արցախի Հանրապետության մարդու
իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այսինքն՝ պայքարում ներգրավված են տարբեր մեծ և փոքր խմբեր՝ սկսած ավելի քան 130 տարվա ավանդույթներ ունեցով ՀՅԴ-ից, վերջացրած ուժային կառույցներում աշխատելու մեծ փորձ ունեցող անդամներով համալրված «Հայրենիք» կուսակցությունով, ՀՀԿ-ով, 5165 շարժումով և շատ այլ խմբերով։
Այս բոլոր ուժերն ապակենտրոն ձևով իրենց ներդրումն են ունենում Ազատության հրապարակում օրեր առաջ մեկնարկած և այժմ նոր թափ հավաքող շարժման մեջ։
Կարծում եմ՝ վերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը։
Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ Հայաստանում ձևավորվածներկա իրավիճակը շատ հստակ է, և պայքարի նոր շարժման անհաջողությունը կնշանակի Հայաստանի թրքացում։ Հետևաբար, ըստ իրավապաշտպանի, շարժման բոլոր մասնակիցներն անձնական պատասխանատվոթյուն են զգում նախնիների, գալիք սերունդների, սեփական խղճի և ինքնության առջև։
«Այստեղ ամենաբարձր նպատակներն են դրված»,- իր խոսքն ամփոփեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ապրիլի 22-ին ուղերձով դիմել էր ժողովրդին՝ ազդարարելով փողոցային վճռական պայքարի մեկնարկի մասին՝ հանուն Արցախի, հանուն պետականության, հանուն հայի տեսակի, որի « վերջնարդյունքը ազգադավ իշխանությունների հեռացումն է»։
Քաղաքական, արվեստի, գիտության և այլ ոլորտի գործիչներ իրենց հերթին միացել են Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։
«Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար սպառնալից ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը և արժանապատվությունը»,- ասված է հայտարարության տեքստում։