25/04/2022 12:16
«Եթե մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին չձերբակալեն, Հանրապետության հրապարակում կինքնահրկիզվեմ». պատերազմում զոհված ավագ լեյտենանտի հայրը հացադուլ է սկսում (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, Ազատության հրապարակում հացադուլ է սկսում։
Զոհված լեյտենանտի հորը վրդովվեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարրությունը, երբ վերջինս Ազգային ժողովում հայտարարել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
Միսակ Ավետիսյանը հացադուլ կանի մինչև մայիսի 8-ը, իսկ դրանից հետո կգնա ավելի ծայրահեղ քայլի։
«Հայտարարում եմ մինչև մայիսի 8-ը հացադուլ, մայիսի 8-ին կգնամ ավելի ծայրահեղ քայլի, ես դրան պատրաստ եմ։ Ուզում եմ դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, որ ձերբակալեն Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին։ Այս կերպ էլ հնարավոր չէ ապրել, այս կերպ էլ չեմ կարող պատկերացել։ Էլ ի՞նչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից։ Հույս ունեմ մինչև մայիսի 8-ը կլինի այդ նախաձեռնությունը դատախազության, ԱԱԾ կողմից, եթե ոչ՝ ես պատրաստվում եմ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ինձ հրկիզել Հանրապետության հրապարակում», - հայտարարեց զոհված լեյտենանտի հայրը։
Լևոն Ավետիսյանը Մատաղիսում է ծառայել, վաշտի հրամանատար է եղել։
«Իմ տղան Մատաղիսը համարում էր Երևանի պես իր մայրաքաղաքը, շատ էր սիրում Մատաղիսը, պահեց մինչև վերջին արյունը, հոկտեմբերի 6-ին իր վաշտով փորձեց նորից հետ գրավել Մատաղիսը ու զոհվեց։ Խոստանում եմ՝ Փաշինյանի ձերբակալությունից հետո մինչև վերջին արյունս թափեմ Մատաղիսը հետ բերելու համար, այնտեղ իմ տղու արյունն է թափված», - ասաց Ավետիսյանը։