26/04/2022 17:30
Ձեռագրի փոփոխության հոգեբանական և ֆիզիոլոգիական պատճառները
Ձեռագրային փոփոխություններն ու դրա վատթարացումը կարող են ի հայտ գալ տարբեր ախտաբանական պրոցեսների պատճառով։ Այն կարող է արտահայտվել թեքությամբ, տառերի չափի ու ձևի խախտմամբ, գրչի վրա ճնշմամբ, բառերի միջև եղած հեռավորությամբ և տողերի տարածությամբ։
Հոդվածում Aysor.am-ն անդրադառնում է հոգեֆիզիոլոգիական այն կարևոր պատճառներին, որոնք հանգեցնում են ձեռագրային փոփոխությունների։
Ձեռագրային փոփոխություններ են նկատվում մի շարք նյարդաբանական, հոգեբուժական սինդրոմների, տեսողական և հենաշարժական համակարգի խանգարումների, ինչպես նաև բնական ծերացման գործընթացում։ Այս երևույթի պատճառները ախտորոշելու համար կատարվում է կենտրոնական նյարդային համակարգի հետազոտություն, նյարդահոգեբանական թեստավորում, տեսողական ֆունկցիայի որոշում։ Բուժումը կարող է ներառել դեղաբուժություն, հոգեթերապիա, տեսողության ուղղում:
Ձեռագիրը անհատական գրաֆիկական տեխնիկա է, որն իրացվում է գրելու արդյունքում։ Գրավոր հմտությունը հիմնված է տեսողական-շարժիչ համակարգման վրա և ձևավորվում է կանոնավոր պրակտիկայի արդյունքում:
Տարիների ընթացքում փոփոխվում է մարդու գրելաձևը: Դպրոցական տարիներին տեղի է ունենում աշակերտի ձեռագրի աստիճանական բարելավում, և արդեն 6-7-րդ դասարաններում ձևավորվում է ավտոմատ գիր: Այս փոփոխությունները արտացոլում են շարժիչ հմտությունների գրաֆիկական հասունությունը: Սակայն ձեռագրի վերջնական ձևավորումն ավարտվում է միայն 25-30 տարեկանում։
Մեծահասակի ձեռագիրն ունի իր անհատական առանձնահատկությունները, որոնք պայմանավորող գործոններն են՝
ֆիզիոլոգիական առանձնահատկությունները (ձեռքի կառուցվածք և գործունեություն, տեսողական անալիզատոր)
նյարդահոգեբանական պրոցեսները (ուշադրության ձևավորում, հիշողություն, տեսողական ակտ)
Որոշ մարդկանց մոտ ձեռագիրը կայուն է մնում ողջ կյանքի ընթացքում, իսկ ոմանց մոտ այն փոփոխությունների է ենթարկվում տարբեր պայմանների ազդեցության տակ։
Ձեռագրի փոփոխությունները կարող են առաջանալ տարատեսակ պատճառներով.
Հոգեֆիզիոլոգիական վարք՝ հոգնածություն, հոգեբանական տրավմա, ծերացում, ալկոհոլային թունավորում։
Պաթոլոգիական պրոցեսներ՝ նյարդաբանական հիվանդություններ, հոգեկան խանգարումներ, տեսողական, լսողական, հենաշարժական համակարգի խանգարումներ։
Ձեռագրի պաթոլոգիական փոփոխությունները ցույց տվող ախտորոշիչ առաջնային նշաններից են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ուղեղային ատաքսիայով (ինսուլտներ, ուղեղի ուռուցքներ, բազմակի սկլերոզ, գենետիկ սինդրոմներ)։
Մասնագետների ճիշտ դիտարկմամբ ձեռագրի վատթարացումը կարող է հուշել շատ կարևոր խնդիրների մասին, և հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս երեխայի մոտ նման փոփոխություն տեսնելու դեպքում խորհրդակցել մասնագետի հետ, չանտեսել դրությունը և, որ ամենավատն է, չփորձել պատժել երեխային՝ «գեղեցիկ ձեռագիր» ակնկալելու հույսով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։