26/04/2022 18:30
Ի՞նչ է կոլիկը. Մանկաբույժը պատմում է դրա առաջացման պատճառների և ծնողների քայլերի մասին
Մանկական (կամ աղիքային) կոլիկը աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ խանգարումներից է, որը երեխաների մոտ առաջանում է կյանքի առաջին շրջանում:
Մինչև հինգ ամսական նորածնի մոտ աղիքային կոլիկ ախտորոշելու համար բժիշկները պետք է համոզվեն, որ երեխան սնունդ է ստանում իր տարիքի համար բավարար ծավալով, չունի ջերմության կամ այլ հիվանդությունների ախտանիշներ, զարգանում է ըստ իր տարիքի, մայրիկը պարբերաբար կերակրում է երեխային։
Կոլիկի առաջացման պատճառների, կանխարգելման և այդ ֆոնի վրա ծնողների հոգեկան վիճակի բարելավման մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մանկաբույժ Էլեն Թադևոսյանի հետ։
- Ե՞րբ է սկսվում կոլիկն ու ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ։
- Մանկական կոլիկը սովորաբար սկսվում է երեխայի կյանքի երկրորդ, կամ երրորդ շաբաթում և իր գագաթնակետին է հասնում վեցերորդ շաբաթում: Երեք ամսից հետո լացի ինտենսիվությունն ու տևողությունը սկսում է նվազել, իսկ հինգ ամսից այն դադարում է: Կարևոր է շարժվել «երեքի կանոն»-ով, որն օգտագործվում է մանկական կոլիկը նկարագրելիս՝ երեխան լաց է լինում օրական երեք ժամից ավելի, շաբաթական երեք անգամից ավելի և երեք շաբաթ անընդմեջ։
Կոլիկը կարող է հայտնաբերվել, երբ երեխան, ով բոլոր առումներով առողջ է, նորմալ սնվում է և քաշ է հավաքում, սկսում է առանց որևէ պատճառի բարձր և հիստերիկ լաց լինել: Նա լարվում է, կարմրում, ոտքերը ձգում դեպի ստամոքս և, երբեմն, դժվարությամբ է դատարկում աղիներն ու հեռացնում գազերը։
Շատ դեպքերում, տևական լացի գանգատներով պայմանավորված, ծնողները կարծում են, որ երեխան լուրջ հիվանդություն ունի։ Բժիշկը առաջին հերթին ուշադրություն է դարձնում երեխայի տարիքին, գնահատում է լացի նոպաների տևողությունը և դրանց առաջացման ժամանակը։ Նա փորձում է որոշել՝ դա ֆունկցիոնալ խանգարում է, թե օրգանական։ Քաշի ավելացումը հուսալի նշան է, որ օրգանական պաթոլոգիա չկա:
- Որո՞նք են կոլիկի առաջացման հիմնական պատճառները։
- Այս երևույթը բացառապես աղեստամոքսային տրակտի խնդիրների հետ կապելը ճիշտ չէ: Ենթադրվում է, որ դրան կարող են հանգեցնել ծննդյան ցածր քաշը, նյարդային և էնդոկրին համակարգերի, մարսողական համակարգի անբավարարությունը, ստամոքս-աղիքային տրակտի շարժիչային խանգարումները, ծխախոտի ծխի կանոնավոր ազդեցությունը և այլ գործոններ։
- Ինչպե՞ս կարելի է կանխատեսել ռիսկերն ու փորձել օգնել երեխային։
Հղիության ընթացքում մայրը և նրա մտերիմները կարող են նվազեցնել երեխայի մոտ կոլիկի հավանականությունը: Եթե մայրը հղիության առաջին շաբաթներին իմանում է ռիսկի գործոնների մասին, նա կարող է երեխային մանկական կոլիկից պաշտպանելուց բացի, նվազեցնել դրանց առաջացման հավանականությունը, օրինակ՝ դադարեցնել ծխելը, կամ դիմել հոգեբանի՝ անհանգստությունը նվազեցնելու համար:
Կոլիկը ազդում է ինչպես կրծքով կերակրվող, այնպես էլ արհեստական կերակրմամբ երեխաների վրա: Կախված սնուցման տեսակից՝ տարբերվում են այն մեթոդները, որոնցով կարելի է մեղմել երեխայի վիճակը։ Մայրիկը պետք է վերահսկի երեխայի՝ կրծքի վրա անցկացրած ժամանակը և չչարաշահի այն: Անկախ կերակրման տեսակից, կարող են օգտագործվել նուրբ, բայց արդյունավետ մեթոդներ. շատ երեխաներ հանգստանում են շրջանաձև շարժումներով փորը շոյելիս, կամ դրա վրա տաք անձեռոցիկ դնելով։
Հազվադեպ, մանկական կոլիկը կապված է աղիներում ալերգիկ բորբոքման հետ: Հիշեք, որ միայն բժիշկը կարող է դեղորայք և բուժմանն օժանդակող այլ միջոցներ նշանակել:
- Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին նման իրավիճակում հավասարակշռություն պահպանելու համար։
- Այսպես թե այնպես, ամենօրյա երկարատև լացի դրվագները նվազեցնում են ընտանիքի բոլոր անդամների կյանքի որակը։ Նման դեպքերում արժե դայակ վարձել կամ խնդրել հարազատներին օգնել։ Մեկ այլ տարբերակ է, երբ մայրիկն ու հայրիկը պարբերաբար թույլ տան միմյանց հանգստանալ՝ հերթապահելով փոքրիկի կողքին։ Կոլիկը կարող է առաջացնել սթրես և անհանգստություն, և հենց ծնողներն են, ովքեր առաջինն ունեն բժշկի օգնության կարիքը։
Մի քանի խորհուրդ մանկաբույժից՝ ուղղված կոլիկի շրջանի հեշտ հաղթահարմանը
Անհանգիստ մի՛ սպասեք յուրաքանչյուր նոր «հարձակման», այլ ձեր ազատ ժամանակն օգտագործեք բավարար քնի համար։
Եթե հոգեբանական անհանգստություն եք զգում, ընդունեք տաք ցնցուղ, քայլեք մաքուր օդում, խմեք բուսական հանգստացնող դեղամիջոցներ՝ միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։
Մի՛ խուսափեք սիրելիներից աջակցություն և տնային օգնություն խնդրել։
Պատահական չէ, որ անգլերեն աղբյուրներում կոլիկը կոչվում է «վհուկների ժամ»։ Չնայած կոլիկի պատճառները լիովին պարզված չեն, չկա մի ունիվերսալ միջոց, որը երաշխավորված կլինի դադարեցնել երեխայի լացը: Այս ժամանակահատվածում երեխան կարիք ունի հանգիստ մոր ու իրավասու մանկաբույժի։ Նա կհետևի, որ երեխան զարգանա ըստ տարիքի, կխոսի կրծքով և արհեստական կերակրման առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կառաջարկի պարզ հնարքներ, որոնք կօգնեն երեխային ավելի արագ հանգստացնել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։