26/04/2022 19:30
Բնական գեղեցկություն և առողջ տեսք՝ կիտրոնի օգնությամբ․ 6 խորհուրդ՝ դրա հրաշագործ հատկություններից ճիշտ օգտվելու մասին
Կիտրոնը ոչ միայն հարուստ է վիտամին С-ով ու միկրոտարրերով, այլև մաշկը մաքրող հատկություն ունի։ Կիտրոնի հյութի միջոցով հնարավոր է մաքրել ու խոնավեցնել մաշկը, վերացնել դեմքի վրայի սև կետերը, բծերը, սպիտակեցնել մաշկը։ Մեծ ջանքեր պետք չեն։ Հարկավոր է ընդամենը կիտրոնը մեջտեղից կիսել ու դրա երկու կեսով, թեթև շարժումներով մերսել դեմքը՝ 5 րոպեի չափ, ապա լվացվել սառը ջրով։
Կիտրոնի օգնությամբ հնարավոր է թարմ ու առողջ տեսք հաղորդել մաշկին։ Դեմքի վրայի մուգ հետքերը՝ տարիքի հետ հայտնվող պիգմենտներն, ինչպես նաև սև կետերը վերանում են ցիտրուսային թթուների շնորհիվ․ այդ թթուներն ընդհանուր առմամբ էլ բարենպաստ են մաշկի համար։ Կիտրոնի մեջ պարունակվող վիտամինները հեշտորեն թափանցում են էպիդերմիսի՝ մաշկի շերտերի մեջ ու բարենպաստ ազդեցություն են թողնում, օգնում են արագ ձերբազատվել սպիներից, ակնեից, պիգմենտներից։ Կիտրոնի հյութից օգտվելու ամենահեշտ եղանակը՝ մի քանի կաթիլ հյութ քամել բամբակի վրա ու դրանով մերսել մաշկի պրոբլեմատիկ հատվածները, ապա լվացվել սառը ջրով։
Կիտրոնն օգնում է ամրացնել եղունգները։ Ամենաարդյունավետ մեթոդը՝ 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղն ու 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնել, քսել եղունգներին ու մերսելով տրորել դրանք, մինչև զանգվածը ներծծվի։ Այս մեթոդից պարբերաբար օգտվելու դեպքում կունենանք ոչ միայն ամուր, այլև փայլուն ու առողջ եղունգներ։
Կիտրոնի օգնությամբ հնարավոր է նաև հավելյալ փայլ հաղորդել մազերին, ազատվել թեփից։ Խարտյաշ ու շիկահեր վարսեր ունեցողները կիտրոնի օգնությամբ ավելի բաց երանգ կարող են հաղորդել վարսերին։ Հարկավոր է ընդամենը տաք ջրի մեջ կիտրնի հյութ լուծել, քսել մազերին և մեկ ժամի չափ գտնվել արևի տակ։ Արևի ճառագայթների ազդեցության ներքո խարտյաշ ու շիկահեր մարդկանց մազերն ավելի բաց երանգ են ստանում։
Մազերին հավելյալ փայլ հաղորդել, իսկ թեփից ձերբազատվել հնարավոր է այս եղանակով՝ կոճապղպեղի արմատը քերել, վրան կիտրոնի հյութ ու ձիթապտղի յուղ ավելացնել, զանգվածը քսել գլխի մաշկին՝ մազարմատներին, տրորել, սպասել, մինչև չորանա, ապա մազերը լվանալ տաք ջրով ու շամպունով՝ սովորականի պես։ Պարբերաբար այս մեթոդին դիմելու դեպքում արդյունքն իրեն զգացնել կտա կարճ ժամանակում։
Արմունկների չոր մաշկը հնարավոր է փափկեցնել կիտրոնի օգնությամբ։ Հարկավոր է կիտրոնի հյութն ու կերակրի սոդան խառնել, զանգվածը քսել մաշկի չորացած հատվածներին, տրորել, ապա լվանալ տաք ջրով, որի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կա, որից հետո արմունկների պրոբլեմատիկ հատվածին մի փոքր ձիթապտղի յուղ քսել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։