26/04/2022 16:10
Ես չեմ ուզում, որ Շուշին կամ Հադրութը միայն երեխաների անուններ լինեն. ուզում եմ, որ Շուշին, Հադրութն ու Ամարասը մնան մեր հայրենիքի անբաժանելի մասը. Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական
Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունը նպատակ ունի մատնանշելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները և ավելի շատ ընդգծելու այն կարմիր գծերը, որոնց անցմանը դեմ է համայն հայությունը, բայց որոնք, ցավոք սրտի, անցնում է գործող իշխանությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտարարության նախաձեռնող խմբի անդամ, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը։
«Ներկա իշխանություններն անցել են կարմիր գծերից շատերը և որ ավելի վտանգավոր է, ռեալ վտանգ կա այլ կարմիր գծեր ևս անցնելու։ Մեր հայտարարությամբ ուզում ենք կանխել իշխանության կողմից կարմիր գծերի անցումը և հասարակության բոլոր շերտերին զգուշացնել, որ Հայաստանի և Արցախի առջև բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ կան», - ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Ազատության հրապարակից սկիզբ առած և ապակենտրոն միջոցառումներով շարունակվող պայքարի գործողությանը՝ Արտակ Բշտիկյանն ընդգծեց՝ այն ոտքի է հանելու հասարակական լայն զանգվածների։
«Որովհետև Արցախի և Հայոց ցեղասպանության հիմնահարցերը, Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրները մեկ քաղաքական ուժի պատասխանատվության հարց չեն. սա ամբողջ հայ ժողովրդի իրավունքների և պատասխանատվության տիրույթում է, և դրա համար էլ այն, ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակում կամ այլ վայրերում, դեռ ավելի ակտիվ գործողությունների է վերաճելու», - ասաց պաշտպանության նախարարի նախկին խորհրդականը։
Արտակ Բշտիկյանի համոզմամբ՝ ամբողջ հայ ժողովուրդը պետք է ձայն բարձրացնի և ոտքի կանգնի Հայաստանի և Արցախի առջև ծառացած վտանգներին դիմագրավելու համար։
«Հայ ժողովրդի պատմության ընթացքում միշտ նման օրհասական իրավիճակներ եղել են, և ինչ-որ մեկը սկսել է պայքարի գործողությունը։ Այդ մեկը, հնարավոր է, ունենա կուսակցական հայացքներ, համակրանքներ կամ հակակրանքներ, բայց այն խնդիրը, որ այժմ բոլորիս առջև է կանգնած, վեր է այս ամենից։ Եվ ասել, որ «ես չեմ մասնակցի հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, որովհետև այս մեկին չեմ սիրում, այն մեկին չեմ սիրում», ճիշտ չէ։
Աստված մի՛ արասցե, երբ հայրենիքը կամ դրա մի հատվածը կորցնենք, սկսելու ենք մեղավորներ փնտրել, բայց արդեն ուշ է լինելու։ Ես չեմ ուզում, որ ապագայում երեխաներ ծնվեն, որոնց միայն անունները կլինեն Շուշի, Ամարաս կամ Հադրութ։ Ես ուզում եմ, որ Շուշին, Հադրութն ու Ամարասը մնան մեր հայրենիքի անբաժանելի մասը», - ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ քաղաքական, արվեստի, գիտության և այլ ոլորտի մի շարք գործիչներ միացել են Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։ Մի խումբ անհատներ հանդես են եկել համապատասխան նախաձեռնությամբ՝ դիմելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այդ հայտարարությանը։