26/04/2022 17:55
«Մենք թշնամուն զիջելու երկիր չունենք, բոլորս միասին շատ կարճ ժամանակում հասնելու ենք արդյունքի»․ Արթուր Վանեցյանը 18։00-ին հրավիրում է Ազատության հրապարակ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ այսօր տեղի ունեցած բողոքի գործողություններին ու ներկայացրեց առաջիկա անելիքները։
Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ոստիկանության կողմից բողոքի գործողություններ իրականացնող երիտասարդների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը չի կարող կասեցնել օրեցօր մեծացող պայքարը։
«Ես ուզում եմ զգուշացնել բոլորին, որ ուժ կիրառելով՝ որևէ արդյունքի չեք հասնելու։ Խնդրում եմ՝ բոլորդ մնացեք օրինականության սահմաններում, մնացեք օրենքի սահմաններում, որովհետև հավատացեք՝ այս իշխանության օրերը հաշված են, և բոլորը պատասխան են տալու օրենքի առջև»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա հայտնեց, որ այսօր բողոքի ակցիաները շարունակվելու են։ Ընդդիմադիր գործիչը հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ արեց ժամը 18։00-ից սկսած՝ հավաքվել Ազատության հրապարակում, որտեղից մեկնարկելու է երթ՝ քաղաքի կենտրոնական փողոցներով։
Երթի մասնակիցները Ազատության պողոտայից կշարժվեն դեպի Մաշտոցի պողոտա, ապա Կորյուն խաչմերուկ, Տերյան, Թումանյան փողոցներ, հետո կվերադառնան Ազատության հրապարակ, որտեղ պայքարը շարունակվելու է՝ կարճ ժամանակում վերջնարդյունքի հստակ ակնկալիքով։
«Հուսով եմ, որ դուք արթնացել եք, հուսով եմ, որ մենք չունենք երկիր, որը պատրաստ ենք զիջել թշնամուն։ Բոլորս միասին շատ կարճ ժամանակում հասնելու ենք արդյունքի»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։