26/04/2022 19:55
Առաջիկա օրերին ավելի շատ բողոքի ակցիաներ կլինեն, փողոցում կլինի այն կրիտիկական զանգվածը, որին իշխանությունն այլևս չի կարող դիմակայել․ Արթուր Վանեցյան
Ազատության հրապարակից մեկնարկել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանի ազդարարած երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ անցնում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ բարձրացնելով բողոքի իրենց ձայնը։
Երթի ընթացքում լրագրողներն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ շատ են պնդումները, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնի իշխանությունը պահելու համար։
«Առաջիկա օրերին կլինեն ավելի շատ բողոքի ակցիաներ, մեր հայենակիցները ավելի շատ դուրս կգան փողոց, և մենք փողոցում կունենանք այն կրիտիկական զանգվածը, որի դիմաց այլևս իշխանությունը չի կարող դիմակայել։ Փաշինյանը չի կարող ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, երբ լինի այն քանակը, որը մենք սպասում ենք, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչպես է փոխվել մարդկանց վերաբերմունքը։
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնի, հավատացեք՝ մենք կորցնելու բան չունենք։ Մենք ամենաթանկն ենք կորցրել և շարունակում ենք կորցնել։ Մենք մեր հայրենիքի մի հատվածն ենք կորցրել, որոշակի հատվածներ մաս-մաս կորցնում ենք, մեր հանգիստն ենք կորցրել, մեր երկրի անվտանգությունն ենք կորցրել, մեր երեխաներին ենք կորցրել, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Արթուր Վանեցյանը։