26/04/2022 16:46
«Հասկացել եմ ձեր ցավը, դրա համար եմ իջել». Գլխավոր դատախազը հանդիպեց զոհված զինվորների ծնողներին, իսկ նրանք միայն մեկ պահանջ ունեին՝ կալանավորել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության առաջ. նրանց դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար եմ իջել, խոնարհվում եմ ձեր առաջ»,- ծնողներին դիմեց Արթուր Դավթյանը։
Նա նշեց, թե երբ խոսքը վերաբերում է քրեական գործին, ապա գործ ունենք բացարձակ օրենքով նախատեսված իրավիճակների հետ։
Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։
«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ասաց, թե «Կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» ու այդտեղից հայտարարեցին, որ այսքանը բավական է, որ մեղադրանքի նկարագրություն իրականացվի»,-նշեց դատախազը, ինչից հետո զոհված զինվորների ծնողները վրդովվեցին։
Դատախազն էլ հայտարարեց՝ երբեք այս մասին բարձրաձայն չի ասել, բայց հիմա ասում է՝ պատերազմի օրերին 40 դատախազի հետ գնացել ու խրամատում ծառայել է։
«Նույն հաջողությամբ ես կարող էի լինել քո որդու տեղը»,-դիմելով զոհվածի ծնողին՝ ասաց Դավթյանը։
Դատախազն առաջարկեց, որ ծնողներից 10 հոգու հետ հանդիպեն, հանգիստ իրավիճակում խոսեն, նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները, ծնողները, սակայն, համաձայն չէին. պահանջեցին կալանավորել Նիկոլ Փաշինյանին։