26/04/2022 20:19
«Իշխանափոխությունը լինելու է, բացահայտումը լինելու է, մեղավորները պատժվելու են»․ դիմադրության երթի մասնակիցները զորակցություն հայտնեցին զոհված զինծառայողների ծնողներին
Դիմադրության երթը հասավ Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ զորակցություն հայտնելու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին, որոնք գլխավոր դատախազից պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։
«Ձեր պահանջները նաև մեր պահանջներն են, ամբողջությամբ հետևողական ենք լինելու դրանց իրականացմանը»,- դիմելով ծնողներին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ծնողներին իր խոսքն ուղղեց նաև նույն խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։
«Խոնարհվում եմ ձեր առջև, ես գիտեմ, որ ձեր պահանջի մեջ քաղաքականությունը չէ, արդարությունն է։ Դուք հերոսների ծնողներ եք։ Մենք ինչ էլ անենք, նույնիսկ մեկ մետրով մոտ չենք լինելու այն սխրանքին, որը գործել են հերոս տղաները»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին քրեական հետապնդման ենթարկելու և կալանավորելու վերաբերյալ զոհված հերոսների ծնողների պահանջին՝ ընդդիմադիր գործիչը նշեց, որ ինքն ու մի խումբ փաստաբաններ դեռևս մեկ տարի առաջ են հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Իրավական տեսանկյունից խնդիր չկա, սակայն քաղաքական կամքի դրսևորման խնդիր կա։
«Քաղաքական կամք՝ քրեական գործ հարուցելու այն մարդու նկատմամբ, ով կարող է ասել, որ հազարավոր զինվորներ իրենց կյանքը տվել են «հանուն ոչնչի», քաղաքական կամք՝ նրան քրեական հետապնդման ենթարկելու»,- ասաց Վարդևանյանը։
Նա հավելեց՝ հարցը չի ցանկանում քաղաքականացնել, բայց եթե երկրում այլ իշխանություն լիներ, զինծառայողների մահվան իրական հանգամանքներն ու մեղավորները կհայտնաբերվեին, 44-օրյա պատերազմում տեղ գտած կասկածելի դրվագները կբացահայտվեին։
«Չեմ ուզում որևէ կերպ քաղաքականացնել, բայց եթե Հայաստանում իշխանությունը փոխված լիներ, չէին կարող 44-օրյա պատերազմի հանագամանքները քննել քոչարյանանդրանիկներն ու նման այլ մարդիկ, ինչի պայմաններում ոչ մի բացահայտում չի լինելու։
Դրա համար իշխանափոխությունը լինելու է, բացահայտումը լինելու է, մեղավորները պատժվելու են»,- ասաց Արամ Վարդևանյանը։