26/04/2022 18:20
Վստահ եմ՝ բոլոր ուժերի մոտ իսկապես համախմբում կա, պայքարն անպայման հաջողությամբ կպսակվի. Դավիթ Սահակյանց
Գիտակցելով իրավիճակի լրջությունը՝ որոշում կայացրեցի միանալ Արցախի հարցով հայտարարությանը՝ լիովին կողմ լինելով դրա կետերից յուրաքանչյուրին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արվեստի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Անդրադառնալով Ազատության հրապարակից օրերս մեկնարկած բողոքի գործողություններին՝ մեր զրուցակիցը նշեց, որ փորձում է առավելագույնս ակտիվ մասնակցել դրանց։
«Վստահ եմ՝ սա այն դեպքն է, երբ բոլոր ուժերի մոտ իսկապես համախմբում կա, և պայքարն անպայման հաջողությամբ կպսակվի։ Որովհետև հաղթանակ կարող է լինել միայն համախմբված պայքարի դեպքում»,- ասաց Դավիթ Սահակյանցը։
Արվեստի վաստակավոր գործիչն ընդգծեց՝ բոլորը, այդ թվում՝ իր արվեստագետ ընկերներից շատերը, գիտակցում են պահի լրջությունը, և միայն քիչ թվով մտավորականներ են, որոնք համաձայն են երկրում առկա իրավիճակին։
«Մնացածին, ովքեր համաձայն չեն, խորհուրդ կտամ միանշանակ միանալ այս պայքարին, որովհետև սա մեր հայրենիքի լինել-չլինելու հարցն է, մեր գոյության հարցը։
Իմ կարծիքով՝ սա իսկապես արդար պայքար է, և բոլորին կոչ եմ անում միանալ այս պայքարին»,- ասաց Դավիթ Սահակյանցը՝ հավելելով, որ արվեստագետի առաքելությունը միայն տոմսեր վաճառելը և հանդիասատեսի հետ շփումը չէ, այլ նաև բարդ իրավիճակներում ազգի կողքին կանգնելու պարտավորությունը։
Հիշեցնենք, որ քաղաքական, արվեստի, գիտության և այլ ոլորտների մի շարք գործիչներ միացել են Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։ Մի խումբ անհատներ հանդես են եկել համապատասխան նախաձեռնությամբ՝ դիմելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու այդ հայտարարությանը։