26/04/2022 19:08
Հորը բռնեք, որդին է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ եղբայրն է պայքարի դուրս գալու, հարևանին բռնեք՝ մյուս հարևանն է լինելու․ այս շարժումը կասեցնել հնարավոր չէ․ Իշխան Սաղաթելյան
Չեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարից դուրս գալուց առաջ ասել ենք՝ պատրաստ ենք ամեն ինչի և գնալու ենք մինչև վերջ, ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ դիմադրության շաժման ընթացքում ոստիկանության կողմից բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ու բիրտ ուժ կիրառելու դեպքերի կապակցությամբ։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ քաշքշուկով, ձերբակալություններով, ուժային մեթոդները պայքարը կասեցնել չի հաջողվելու։
«Գնալու ենք մինչև վերջ։ Հորը բռնեք, տղան է փողոց դուրս գալու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու, հարևանին բռնեք՝ մյուս հարևանն է լինելու։ Հետևաբար, այս շարժումը կասեցնել հնարավոր չէ»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց նաև կարգախոսը, որով առաջնորդվում են պայքարի դուրս եկածները՝ համախմբում, դիմադրում, հեռացում։