26/04/2022 19:00
Պայքարի գործողությունը ազդակ է «միջազգային հանրությանը», որ ՀՀ տարբեր շրջանակներ չեն կիսում Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցման» վերաբերյալ տեսակետը. Վարդան Ոսկանյան
Արցախի հարցով երեկ ընդունված հայտարարությունը դիվանագիտական հարթությունում չափազանց կարևոր է՝ սահմանելու Հայաստանի համար կարևոր կարմիր գծերը՝ հնարավոր բոլոր բանակցային գործընթացներում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Հայտարարությունը ցուցիչ է նաև այն բանի, որ Արցախի կարգավիճակի «նշաձողն իջեցնելու» հայտարարությունն արտացոլում է պաշտոնական Երևանի տեսակետը՝ հաշվի առնելով, որ այն հնչեցրել է ՀՀ վարչապետ համարվող անձը։ Բայց ՀՀ դիվանագիտական շրջանակներում կան լուրջ ավանդ ունեցած մասնագետներ, որոնք հնչած տեսակետի հետ համաձայն չեն։ Ուստի այս հայտարարությամբ փաստում ենք, որ Երևանի տեսակետը միայն պաշտոնական Երևանը չի ներկայացնում, այլ՝ ամբողջ դիվանագիտական Երևանը»,- ասաց իրանագետը։
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակից սկիզբ առած պայքարի գործողությանը՝ Վարդան Ոսկանյանը նշեց՝ այն ևս ցուցիչ է, որ Երևանը միայն պաշտոնական Երևանը չէ, այլ գոյություն ունի նաև Ազատության հրապարակի Երևան։
«Սա չափազանց կարևոր ազդակ է նաև «միջազգային հանրությանը» առ ան, որ Հայաստանում տրամադրություններն առնվազն միանշանակ չեն, և տարբեր շրջանակներ չեն կիսում Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցման» վերաբերյալ հնչեցված «տեսակետը»։
Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանձնվել և որևէ պարագայում չպետք է հանձնվի, որովհետև մենգ գործ ունենք մեր պետականության գալիքի հետ։
Թե՛ Արցախի հարցով ընդունված հայտարարությունը, թե՛ բողոքի գործողություններն ազդակ են «միջազգային հանրությանն» առ այն, որ Հայաստանում դեռևս կան պայքարող խմբեր։ Կարծում եմ՝ Արցախի «նշաձողի» վերաբերյալ հայտարարությունն արժանանում է համարժեք պատասխանի՝ ի ցույց դնելով մեր ժողովրդի կամքն ու ցանկությունը»,- ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը։