26/04/2022 10:55
Հույս ունեմ՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության. անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շատ լավ է գնահատում պայքարի երկրորդ փուլը։
Ըստ նրա՝ հստակ է մի բան՝ ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ «պետք է քշել այս իշխանություններին»։
«Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, հուսամ՝ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառոմներ, ժամը 18։00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, որից հետո կորոշենք՝ ինչ ենք անելու», - լրագրողներին ասաց Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը հույս ունի՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը։
«Երեկ որոշակի կոպտություն է եղել, ինձ պատմեցին, որ եղել է ուժի կիրառում, հույս ունեմ՝ ոստիկանությունը չի գնա սրացման, որովհետև անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը», - նշեց ընդդիմադիր գործիչը։
Վանեցյանն ասաց, թե իրենք իշխանության համար չեն պայքարում. այս պայքարը չունի ընդգծված առաջնորդ. սա պայքար է հանուն Արցախի ու Հայաստանի։