27/04/2022 18:30
Հայկական արտադրության «Merry jewelry» զարդերը ձեռագործ են՝ բնական քարերով և ոսկեջրած դետալներով
Զարդերը յուրաքանչյուր կնոջ կարող են հաղորդել գույն ու բնավորություն, իսկ երբ դրանք ձեռագործ են՝ նաև պատմություն։
Aysor.am-ի թղթակիցը զրուցել է «Merry jewelry» ձեռագործ զարդերի հայկական բրենդի հիմնադիր Մերի Բաղդասարյանի հետ.
«Շատ եմ սիրում զարդեր կրել. իմ կարծիքով զարդերն առավել ամբողջական են դարձնում մեր տեսքը: Ինքս սիրում եմ ձեռքի աշխատանքներ. միշտ պատրաստել եմ ինձ համար և դրական արձագանքներ ստացել: Բալիկիս ծննդից հետո, երբ արձակուրդում էի, որոշեցի ավելի լուրջ զբաղվել իմ սիրելի աշխատանքով»,-ասաց հիմնադիրը։
«Merry jewelry» բրենդի կողմից առաջարկվող զարդերը ձեռագործ են, օգտագործվում են բնական քարեր և ոսկեջրած դետալներ։ Հիմնադիրն իր խոսքում փաստեց, որ շատ է կարևորում որակը և իր կողմից ստեղծված յուրաքանչյուր զարդ պետք է իդեալական լինի:
«Merry jewelry» բրենդի կողմից ներկայացվող զարդերի տեսականուն կարող եք ծանոթանալ ինստագրամյան merry_jewelry էջում. գործում է նաև առաքման ծառայություն։
Էջում զարդերը ներկայացված են յուրահատուկ ձևով. նկարների միջոցով կարող եք հեշտությամբ կողմնորոշվել նաև հագուստի համադրության հարցում։
Մերի Բաղդասարյանը սկսնակ արտադրողներին խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել ոլորտը և չվախենալ խոչընդոտներից, մտածել միայն լավի մասին:
«Հայաստանում մարդիկ մի տեսակ վախենում են ռիսկի դիմել, դա մեծ խոչընդոտ է բիզնես սկսելու համար: Երկրորդ մեծ խնդիրը այն է, որ քո արտադրանքի կրկնօրինակը տեսնում ես մեկ ուրիշ արտադրողի մոտ՝ ավելի մատչելի գնով: Նաև ինձ համար ընդունելի չէ, երբ մենք հայերս չենք աջակցում հայ արտադրողին, բայց հաճույքով գովազդում ենք օտարինը՝ չնայած այն հանգամանքին, որ դրա համար վճարել ես, ոչ թե նվեր ստացել արտասահմանյան բրենդից:
Սկզբնական շրջանում մեզ մոտ ևս խնդիրները շատ էին. դժվար է, քանի որ մարդիկ չեն ճանաչում քո բրենդը, օնլայն հարթակում ավելի բարդ է. պետք է գրագետ գովազդես արտադրանքը, կարողանաս պատասխանել բոլորի հարցերին, մյուս կողմից էլ շուկայում գնալով աճում է ձեռագործ զարդեր պատրաստողների թիվը, և հաճախորդները սկսում են դժվար կողմնորոշվել որակի և ընտրության հարցում»,- մանրամասնեց բրենդի հիմնադիրը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։