27/04/2022 18:10
Չորացրած բնական ծաղիկներով «Moon’s Bag» հայկական պայուսակները նորաձևության թրենդ են դարձել
Աքսեսուարների շարքում, թերևս, ամենից առավել աչքի ընկնող ու կարևորվող տարրերից են պայուսակները, որոնք յուրաքանչյուր աղջկա կերպարի անբաժան մասն են կազմում։
Aysor.am-ը շարունակելով ներկայացնել հայկական բրենդները, այս անգամ կանգ առավ «Moon’s Bag» պայուսակների հայկական արտադրանքի վրա։ Բնական կաշվից պատրաստված ձեռագործ պայուսակների մասին խոսել ենք բրենդի հիմնադիր Լուսինե Ազիզյանի հետ։
«Ծաղիկներն էին այն ամենի հիմքը ինչ ունեմ այսօր. գրքերի էջերում չորացրածս ծաղիկները տարիներով չէին կորցնում իրենց տեսքն ու բույրը, և ես որոշեցի այն օգտագործել ավելի գեղեցիկ և օգտակար նպատակով։ Ինքս աքսեսուարների՝ հատկապես պայուսակների սիրահար եմ, իսկ ժամանակակից աշխարհը լի է օրինակելի նյութերով, որն էլ ինձ օգնեց ստեղծել մի նոր ու չկրկնվող ոճ հայկական շուկայում։ Շատ մեծ սպասելիքներ ունեի, որը արդարացվեց և ընդունվեց ոչ միայն հայկական շուկայում, այլ նաև մեր սահմաններից դուրս։ Մեծ պատվով եմ ուզում փաստել, որ հայկական արտադրության իմ պայուսակները կրում են եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում», - ասաց զրուցակիցս։
Լուսինե Ազիզյանը մեզ հետ զրույցի ընթացքում խոսեց նաև սկզբնական շրջանում առկա վախերի, բայց համարձակության ու գաղափարի իրագործման մեջ վստահ լինելու շնորհիվ, դրանք հաղթահարելու մասին.
«Ոչինչ այնքան հեշտ չի տրվում, որքան երևում է։ Իրականում շատ դժվար էր մուտք գործել մի ոլորտ, որի մասին դեռ ոչինչ չգիտես, ուսումնասիրել մանրակրկիտ և հասնել այն կետին, որին ձգտում ես։ Մեր շուկան սարսափելի լճացած է, չկան այընտրանքային հնարավորություններ, բայց քանի որ արդեն ճանապարհի կեսն անցել էի, ետ դառնալ չուզեցի ու փորձեցի լուծումներ տալ բոլոր խնդիրներին։ Այսօր այդ ամենն անցյալում է։ Կարևորը անհաջողություններից հետո չկոտրվելն է. ոչինչ հեշտ չի ստացվում, անհաջող փորձն է, որ ստիպում է նորից ու նորից կրկնել քայլերն ու հասնել արդյունքի»։
Աքսեսուարների պարագայում հաճախորդների կողմից շատ է կարևորվում որակի և յուրահատկության բաղադրիչը, որի պակասը, վստահ ենք, «Moon’s Bag» ապրանքանիշի պայուսակ կրողը, երբեք չի ունենա.
«Ինչ խոսք, շուկան հագեցած է պայուսակների տեսականիով, բայց մարդիկ չորացրած ծաղիկներ կարող են տեսնել գրքերի էջերի մեջ, կամ իմպրովիզ արված նկարներում. կարծում եմ՝ երբեք չէին մտածի, որ այն կդառնա իրենց աքսեսուարի ամենայուրահատուկ մասը։ Ամենահաճելին այն է, որ մարդկանց ուշադրությունը գրավում են ոչ միայն ծաղիկները, այլ նաև գունային համադրությունները»,- ասաց Լուսինե Ազիզյանը։
Բրենդի հիմնադիրն անդրադառնալով խնդիրներին, առաջնային համարեց Հայաստանում հարկային օրենսդրության մեջ վերանայվելիք որոշ կետեր, որոնց փոփոխությունն ի նպաստ սկսնակ արտադրողներին՝ ավելի ապահով ու կայուն կդարձներ պայմանները թե՛ փոքր, և թե՛ մեծ բիզնեսի համար։
«Moon’s Bag» պայուսակների հայկական արտադրանքին կարող եք հետևել moonsbag_official ինստագրամյան էջում և պատվերների համար գրել անձնական նամակ։ Գործում է առաքման ծառայություն, ընդունվում են անհատական պատվերներ. պայուսակը պատրաստ է լինում 10-15 օրերի ընթացքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։