27/04/2022 09:53
«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Արթուր Դավթյանին ՔՊ-ն ևս մեկ անգամ առաջադրի իր պաշտոնին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն եզակի պաշտոնյաներից է, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո անգամ չհեռացվեց պաշտոնից և պաշտոնավարում է մինչև այժմ: Նա այդ պաշտոնին ընտրվել է ՀՀԿ-ի օրոք՝ 2016 թվականի սեպտեմբերին, և պաշտոնավարման վեց տարին լրանում է ամիսներ անց՝ սեպտեմբերին:
Եվ որքան էլ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ էին տարածվում, թե նա կարող է անգամ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը հեռանալ, այժմ այլ տրամադրություններ են առկա: «Ժողովուրդ» օրաթերթն այդ մասին ևս հայտնել էր՝ նաև նշելով նրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցության մասին: Սակայն ուշագրավ է, որ այժմ այլ տրամադրություններ են առկա, և չի բացառվում, որ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրան ՔՊ-ն ևս մեկ անգամ առաջադրի այդ պաշտոնին, իսկ օրենքը այդ հնարավորությունը տալիս է:
Մասնավորապես՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ասվում է. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ»։ Այսինքն՝ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ժամկետից հետո կարող է ևս մեկ անգամ առաջադրվել այդ պաշտոնում»։