27/04/2022 19:00
Հանրային ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների իրավաչափության խնդիր կա. Իրավապաշտպան
Ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողություններում, նախկինի հետ համեմատած, առանձնապես մեծ տարբերություն չեմ նկատում։ Ոստիկանության գործելաոճը մշտապես նույնն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանությունում ինչ-որ չափով բարեփոխվել է միայն պարեկապահակային ծառայությունը, որտեղ ամբողջովին նոր անձնակազմ և համակարգեր են ներդրվել։
«Բայց մնացած համակարգերում լուրջ փոփոխություններ չեմ տեսնում՝ հատկապես հանրային ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունների մասով։ Այստեղ մշտապես խնդիրներ են եղել և մինչև այժմ էլ կան՝ կապված իրավապահ մարմնի գործողությունների իրավաչափության, համաչափության, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների հետ։ Կրկնում եմ՝ միայն պարեկապահակային ծառայությունն է որոշակի առաջընթաց գրանցել, և այստեղ, վստահաբար, մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ այդ համակարգը բոլորովին նոր կադրերով է համալրվել», - ասաց Զառա Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր այցելել է Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված ակտիվիստներին։
Ըստ Վանեցյանի՝ բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, սակայն իրենց ընթացքը կասեցնել չի լինի։
«Հայրենք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը, առանց որևէ պատճառի, հրահրոցներ է բորբոքել և բերման ենթարկել ակտիվիստների։