27/04/2022 19:21
Նիկոլ Փաշինյանի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել․ Իշխան Սաղաթելյան
Երևանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակից մեկնարկեց դիմադրության շարժման երթը։ Երթից առաջ շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը կրկին կոչ արեց դիմադրության նոր օջախներ ստեղծել, այդպիսով աջակցել համընդհանուր պայքարին, իսկ բողոքի ակցիաներին հեռակա հետևող քաղաքացիներին՝ միանալ օրեցօր մեծացող շարժմանը։
«Կոչ եմ անում մեր այն քաղաքացիներին, ովքեր հեռուստացույցի առջև նստած՝ հետևում են մեզ, միանան այս պայքարին։ Եթե ուզում եք ապրել անվտանգ, բարեկեցիկ, եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ոստիկանական մեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջը և թողել անօգնական։ Կինը մահացել էր։
«Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել։ Երեկ իր շքախմբով, օրը ցերեկով քաղաքացուն վրաերթի ենթարկեցին, անտարբեր կողքով անցան։ Երեկվա քաղաքացին պետք է լինի Նիկոլի վերջին զոհը։ Սրա արյունոտ ընթացքը պետք է կասեցնել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց՝ պայքարից հետքայլ չկա, նահանջ չկա։