27/04/2022 19:09
Փաշինյանին դատավարական կարգավիճակ տալու կամ կալանքի տանելու միջնորդությունները չեն մերժվելու, որ լրացուցիչ էմոցիա չառաջացնեն․ լուծումը հետաձգվելու է․ փաստաբան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կաշկանդվածություն չունեն վարչապետին կալանավորելու հարցում:
Ճիշտ են ասում:
Կաշկանդվածություն ունենում են այն դեպքում, երբ կա ցանկություն գործելու, սակայն ինչ֊որ բան խանգարում է: Իսկ դատախազությունում այդ ցանկությունը չկա ու չի եղել:
Բարեխիղճ երևալու նկատառումներով հայտարարում են, որ անհրաժեշտ ընթացակարգեր կան, որոնցով առաջնորդվում են: Բայց երբ դեռ մեկ տարուց ավելի ժամանակ առաջ պետական դավաճանության մասին մասին հաղորդում էր ներկայացվել , դատախազությունը մոռացել էր անհրաժեշտ ընթացակարգերի մասին ու բոլոր հնարավոր եղանակներով խուսափում էր գործ հարուցել, և միայն ամիսներ անց դատարանի որոշման արդյունքում քրեական գործ հարուցվեց:
Նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան: Նոր հասկացան, որ պետք է նրանցից միջնորդություններ ստանան ու քննարկման առարկա դարձնեն:
Իսկ հիմա «անհրաժեշտ ընթացակարգերով» ստացված միջնորդության ճակատագիրը շատ հստակ է: Նիկոլին դատավարական կարգավիճակ տալու կամ կալանքի տանելու միջնորդությունները չեն մերժվելու, որ լրացուցիչ էմոցիա չառաջացնեն: Բայց ոչ էլ բավարարվելու են, որովհետև ․․․ դե էլ ինչ որովհետև, արդեն պարզ է մոտեցումը:
Մինչդեռ տասնապատիկ ավելի քիչ փաստերի դեպքում են մարդկանց ձերբակալել ու կալանքի տարել:
Միջնորդության լուծումը հետաձգվելու է մինչև «էական հանգամանքների» պարզելը, մինչև աշխարհը քանդվի, նորից կառուցվի»: