27/04/2022 15:58
ՓՄՁ-ներն արտահանման դեպքում կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ Կառավարությունն առաջարկում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող` մաքսային վճարների մեջ ներառվող պետական տուրքը: Փոփոխությունն ուղղված է նաեւ մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, իսկ դրա ընդունումը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշել է, որ փոփոխությամբ տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:
Նշվել է նաեւ, որ օրինագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների նվազեցում` միջինում 106.35 մլն դրամի չափով:
Առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի համապատասխան հոդվածի վերնագիրը փոխել, որն ընդունվել էր հիմնական զեկուցողի կողմից:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծիք է հայտնել, որ օրենքի նախագիծը չի տա ցանկալի արդյունք, քանի որ այն բացասական է ազդելու պետական բյուջեի վրա: Նա առաջարկել է դյուրացնել համակարգի վարչարարությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկել է օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց իրականացնել մոնիթորինգ` պարզելու համար, թե այն ինչ դրական ազդեցություն է ունեցել ՓՄՁ-ների վրա:
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին: Հովիկ Աղազարյանը ձեռնպահ է քվեարկել:
Նշենք, որ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: