27/04/2022 17:30
Առաջիկայում մեր քաղաքացիների համար կկարողանանք ապահովել բուժծառայությունների որակի նոր մշակույթ. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարության ներկայացման նպատակով Երևանում աշխատաժողով էր կազմակերպվել, որի ընթացքում ներկայացվեցին առկա խնդիրները և դրանց լուծումները։
«Քայլ առ քայլ ծրագրային բարեփոխումների արդյունքում ունենալու ենք համակարգային բարեփոխումներ», - աշխատաժողովի մեկնարկին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վստահեցնելով, որ այն տեղի է ունենալու ներկայացվող ռազմավարական ծրագրի շնորհիվ։
Դրա նպատակը, ըստ նախարարի, նախորդ տարիների ընթացքում իրականացված առանձին միջոցառումների փոխարեն բոլոր բժշկական կազմակերպությունների համար մեկ միասնական, համահունչ գործողությունների ծրագիր մշակելն է։
«Այս ամենը կնպաստի մեր երկրում առողջապահական ծառայությունների որակի համընդհանուր բարելավմանը։ Որակի ցուցանիշները շատ ծավալուն ենք, բայց մենք փորձել ենք թիրախավորել և իրագործելիի սահմաններ ընդունել։ Մեկտեղելով բոլորիս ջանքերը՝ մեր երկրում կունենանք բնակչության համար առավելագույնս հասանելի, անվտանգ պացիենտակենտրոն և ծախսարդյունավետ առողջապահական ծառայություններ», - ասաց նախարարը։
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ առաջիկա տարիների ընթացքում իրականացնելու նպատակով փորձել են իրատեսական թիրախներ վերցնել։
«Բուժաշխատողների հավաստագրումը ռազմավարության կետերից է։ Բժշկական կենտրոնների ֆիզիկական պայմանները, սարքերի վերազինման արդիականությունը շատ կարևոր է, բայց, առաջին հերթին, բուժաշխատողներն են, ովքեր ապահովում են բժշկական օգնությունը և դրա որակը» , - նշեց նախարարը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։