27/04/2022 14:08
Պատվաստումները կարևոր են կյանքի բոլոր փուլերում. «Երկարակեցություն բոլորին» կարգախոսով մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը
2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելն ու պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելը։
Հայաստանը 2007 թվականից է միացել այս նախաձեռնությանը։
Այս տարի այն մեկնարկել է ապրիլի 25-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը. 2022 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Երկարակեցություն բոլորին»։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է ևս մեկ անգամ բնակչությանն իրազեկել պատվաստումների կարևորության մասին։
«Պատվաստումները կարևոր են կյանքի բոլոր փուլերում ու նպաստում են տվյալ անձի և բարեկեցությանը, և երկարակեցությանը», - Aysor.am-ի հետ զրույցում նշում է նա։
Ամբողջ աշխարհում, պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության համավարակով, դիտվել է իմունականխարգելման գործընթացի խափանում, ցուցանիշների նվազում, Հայաստանում, սակայն, նման միտումներ չեն գրանցվել։
«Լայնածավալ միջոցառումներ են իրականացվել, որպեսզի պատվաստումային գործընթացը որևէ պահի չկանգնի՝ պայմանավորված կովիդով. իրականացվել են իրազեկման միջոցառումներ, յուրաքանչյուր պոլիկլինիկայում գնահատվել է կովիդի առումով վարակի տարածման ռիսկերը, պատվաստումների համար առաջարկվել է սահմանել առանձին օրեր, որ պատվաստվողը վստահ լինի՝ ինքը գալիս է պատվաստվելու ու չի հիվանդանա կովիդով, ապահովվել են առանձին մուտքեր ու այդ միջոցառումներն են նպաստել, որ իմունականխարգելման գործընթացը չտուժի», - նշում է Գրիգորյանը։
2021 թվականին, 2020 թվականի համեմատ, ցուցանիշների որոշակի բարելավում է ունեցել Հայաստանը. 1 տարեկան երեխաների ամբողջական ընդգրկվածության ցուցանիշը աճել է՝ կազմելով 91 տոկոս։
«Սրան նպաստել է մեկ այլ միջոցառում. 2020 թվականից ներդրվել է կապույտ հազի ոչ բջջային բաղադրիչով վեցավալենտ պատվաստումը, որը բնակչության կողմից շատ պահանջարկ ունի, քանի որ այն հետպատվաստումային երևույթների ակնկալման առումով ավելի մեղմ է ու պատվաստումից հետո ավելի քիչ են ջերմում, ներարկման տեղի ցավոտությունն ավելի քիչ է արձանագրվում», - ընդգծում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը։
Հայաստանում բնակչության շրջանում համահավասար պահանջարկ ունի պատվաստումը, պարզապես, օրինակ, կորոնավիրուսի դեմ տղամարդիկ ավելի շատ են ընդգրկված աշխատատեղերում, դրա համար ավելի շատ են պատվաստում, բայց, մասնագետի խոսքով, դա ընդհանուր պահանջարկի վրա համաճարակաբանական նշանակություն չունեցող ցուցանիշ է։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստման, կորոնավիրուսի դեմ պատվաստման համար թիրախ են ռիսկային խմբում գտնվող անձինք։
Նախարարությանը բավարարո՞ւմ է Հայաստանում պատվաստումներով հետաքրքրվածության ֆոնը, Սվետլանա Գրիգորյանն ասաց, թե ցանկացած պարագայում ցուցանիշները բարելավելու տեղ կա։
«Այստեղ պետք է դիտել ոչ թե ցուցանիշների տեսանկյունից, այլ՝ պատվաստումների բարձր ցուցանիշները նպաստում են, որ երկրում ունենանք կառավարելի վարակիչ հիվանդությունների, այսինքն՝ պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների առումով բարենպաստ կայուն համաճարակային իրավիճակ ու այդ նպատակին մենք հասել ենք, որովհետև 1995 թվականից Հայաստանում չեն գրանցվում պոլիոմելիտի դեպքեր, 2007 թվականից չեն գրանցվում կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր, 2000 թվականից չունենք դիֆտերիայի դեպքեր ու սա՝ շնորհիվ պատվաստումների։ Քանի կա հիվանդությունը, քանի հարուցիչները շրջանառվում են բնության մեջ, պատվաստումները պետք է իրականացվեն, որ բնակչությունը պաշտպանված լինի ու հետվերադարձ չունենանք հիվանդությունների», - ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը։