27/04/2022 21:00
Մեր պայքարը լինելու է շատ կարճ ժամանակում՝ հաղթական ավարտով․ ունենալու ենք անվտանգ, զարգացող Հայաստան, անվտանգ, ուժեղ և ինքնիշխան Արցախ․ Սոս Հակոբյան
«Այս իշխանություններն ասում էին, որ Հայաստանում և Արցախում մարդը պետք է ապրի լավ, պետք է ապրի անվտանգ, պետք է ունենա հնարավորություն պլանավորելու իր և իր ընտանիքի կյանքը»,- Ազատության հրապարակից մեկնարկած բողոքի երթի ժամանակ իշխանության խոստումների մասին հիշեցրեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նա ներկայացրեց այն պատկերը, որը կա այսօր՝ չնայած այդ խոստումներին։
«Հայաստանից միայն վերջում տարում անվերադարձ դուրս է եկել 72 000 մեր հայրենակից։ Հայաստանի պարտքը, այսինքն՝ հայ ժողովրդի պարտքը աճել է գրեթե կրկնակի։ Ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ, ոչինչ չի բարձրացվել։ Հայը ապրում է ավելի վատ, ապրում է ավելի վտանգավոր պայմաններում, սահմանապահ ժողովուրդն ամեն օր կորցնում է կյանքեր, ապրում թշնամու ուղիղ նշանառության տակ»,- ասաց Սոս Հակոբյանը։
Միակ լուծումը ոտքի ելնելն ու պայքարելն է, նշեց նա։ Երթի մասնակիցները միասին վանկարկեցին՝ Հայաստան, ոտքի՛, Արցախ, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛։
«Այս անգամ գնում ենք մինչև վերջ, վճռական պայքարի։ Իշխանափոխությունը շատ կարճ ժամանակում լինելու է, մեր պայքարը լինելու է շատ կարճ ժամանակում՝ հաղթական ավարտով։ Մենք ունենալու ենք անվտանգ, զարգացող Հայաստան, անվտանգ, ուժեղ և ինքնիշխան Արցախ։ Եվ ապրելու ենք առանց թուրքի Հայաստանում»,- շեշտեց Սոս Հակոբյանը։