27/04/2022 09:46
«Ժողովուրդ». Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու հայտարարությանը ինչ գործողություններ են հետևել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո կողմերը հայտարարություն էին տարածել, ինչի մի դրույթն էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային էր վերաբերում:
«Մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ»,- ասված էր հայտարարության մեջ։ Դրանից հետո միայն նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղոդագրության մեջ նշվում է. «Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց տեղեկանալ, թե քաղաքական իշխանությունը վերոհիշյալ աշխատանքային խումբը ձևավորելու համար ինչ քայլեր է իրականացնում: Արտաքին գործերի նախարարությունը թեև ականջալուր եղավ, բայց այդպես էլ շտել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր զանգերն անպատասխան թողեց: Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբ ձևավորելու մասին իրեն որևէ բան հայտնի չէ: Իշխանավորների՝ մեր հարցն օդում կամ հեռախոսազանգերն անպատասխան թողնելը, իհարկե, բնավ չի նշանակում, թե վերոնշյալ խումբը դեռևս չի ձևավորվել: Չի բացառվում, որ դրա կազմը կարող է հայտնի լինել, ինչի մասին հասարակությունը, ինչպես շատ դեպքերում, պոստֆակտում կարող է իմանալ»։