27/04/2022 12:27
Մենք և Ադրբեջանը տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը. ՔՊ-ական պատգամավոր
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:
«Իմ ադրբեջանցի կոլեգան հայտարարեց, որ Ադրբեջանն արել եւ անում է ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար: Եւ ես հասկացա, որ լինելով միեւնույն կազմակերպությունում՝ մենք, այդուհանդերձ, տարբեր կերպ ենք ընկալում այս կազմակերպության հիմքում ընկած հիմնական արժեքները: Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրավունքները:
Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության:
Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող եւ ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ եւ ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի հանգեցնում խաղաղության: Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե ատելության, բայց ոչ՝ խաղաղության:
Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առեւտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ դու կարեւորություն չես տալիս հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ որոշումներին, ԵԽԽՎ եւ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության:
Երբ դու կրակում ես գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ եւ փոքր տրամաչափի զենքեր, դա չի հանգեցնում խաղաղության:
Երբ դու դիտավորյալ պայթեցնում ես գազամուղը եւ զրկում խաղաղ բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, տաքանալու հնարավորությունից ցրտագույն եղանակային պայմաններում, դա խաղաղություն չէ:
Երբ քո զինված ուժերը բարձրախոսներով սպառնում են խաղաղ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները եւ հայրենի գյուղերը, դա խաղաղություն չէ:
Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ-ի, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձեւերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքն այդ տարածքներից, դա խաղաղություն չէ:
Հետեւաբար, հարգելի՛ կոլեգաներ, խոսելով խաղաղության մասին, նախ եկեք համոզվենք, որ այստեղ, այս ագորայում, մենք նույն կերպ ենք ընկալում այդ բառը: Գուցե սա կօգնի մեզ սկսել վստահության կառուցման գործընթաց, խաղաղության կառուցման գործընթաց, եւ, ի վերջո, իրական խաղաղություն բերել մեր տարածաշրջանին», - ասել է Արուսյակ Ջուլհակյանը: