28/04/2022 21:10
Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմը վերականգնելու պարզ խորհուրդներ գինեկոլոգ Սաթենիկ Հայրապետյանից
Հղիությունը և ծննդաբերությունը անխուսափելիորեն հանգեցնում են ինտիմ մկանների ձգման և փոքր կոնքի օրգանների աննշան տեղաշարժի: Պատճառը արգանդի մշտական ճնշումն է, որն ավելանում է յուրաքանչյուր եռամսյակի հետ։ Երեխայի ծնվելուց հետո կանայք սկսում են մտածել, թե ինչպես արագ վերադարձնել մարմնի նախկին տեսքը։
Գործընթացի արագացմանն ու սեռական առողջության բարելավելմանն ուղղված Կեգելի վարժությունների մասին Aysor.am-ը զրուցել է գինեկոլոգ Սաթենիկ Հայրապետյանի հետ։
Կեգելի մշակած հատուկ համալիրը օգնում է կանանց, ովքեր տառապում են միզուղիների անմիզապահությունից՝ հազի, ֆիզիկական վարժությունների և ծիծաղի ժամանակ, ինչպես նաև այլ խնդիրներից։ Այս տեխնիկայի արդյունավետությունը հաստատվում է մեծ թվով դրական արձագանքներով՝ ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների կողմից:
«Վարժություններն օգնում են արգանդն արագ վերադարձնել նախածննդյան ձևին, կամ հնարավորինս մոտ դրան, նվազեցնել միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների և միզուղիների անմիզապահության զարգացման ռիսկը, կոնքի մեջ բարձրացնել արյան շրջանառությունը»,- ասաց գինեկոլոգը։
Հետազոտության ընթացքում բժիշկը գնահատում է ծննդաբերող կնոջ վիճակը և տալիս ցուցումներ, որոնք անհատական են և կախված նրանից, թե ինչպես է անցել ծնունդը, կա՞ն արդյոք այլ հիվանդություններ, որոնք բարդություններ են առաջացնում և այլն։
Բժիշկը նշեց, որ ծննդաբերությունից հետո Կեգելի վարժությունների միջոցով արդյունքի հասնելու հիմնական պայմանը կանոնավորությունն է։ Պետք է ամեն օր կատարել մի քանի մոտեցում: Առաջին դրական փոփոխությունները նկատելի կդառնան մոտ 5 շաբաթ անց։
Այս մարզումների հարմարավետությունն այն է, որ դրանք կարող են իրականացվել ցանկացած վայրից: Նախապայման է միզապարկը նախապես դատարկելը, հակառակ դեպքում կարող է միզածորանների բորբոքում առաջանալ։ Վարժությունների ընթացքում շնչառությունը պետք է լինի հավասար և հանգիստ։
Զրույցի ընթացքում Սաթենիկ Հայրապետյանն անդրադարձավ այն հակացուցումներին, որոնց դեպքում վարժություններ կատարելը չի խրախուսվում
Վարիկոզ ինտիմ հատվածում և ոտքերի վրա
Օնկոլոգիական նորագոյացություններ, քաղցկեղային ուռուցքի կասկածի առկայություն
Վարակիչ հիվանդություններ ընթացքի սուր փուլում
Վեներական հիվանդություններ
Կերակրող մայրերի պարագայում ՝ չմարզվել կուշտ վիճակում, վարժությունները կատարել երեխային կրծքով կերակրելուց հետո
«Եթե բնական ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների, մայրն իրեն լավ է զգում, հակացուցումներ չկան, ապա կարելի է մարզվել արդեն երկրորդ օրը՝ սկսելով առավել հեշտ վարժություններից։ Եթե կան պատռվածքներ, կամ կատարվել է կեսարյան հատում, արգելվում է կատարել նմանատիպ մարզումներ՝ առնվազն 10 օր՝ մինչև կարերի բուժումն ու սպիացումը. հակառակ դեպքում չարտոնված մարզումները կառաջացնեն կարերի շեղում»,- ամփոփեց բժիշկը:
Մարզումների ճիշտ մոտեցումը, բժշկի հետ ժամանակին խորհրդակցելը և ինքներդ ձեզ հետ կանոնավոր աշխատանքը հիմնական պայմաններն են, որոնք պետք է պահպանվեն նախածննդյան ձևին վերադառնալու համար:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։